Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մազպետը հետևել է սուբվենցիոն ծրագրով Ոսկեհատի մանկապարտեզում մեկնարկած վերանորոգման աշխատանքներին
02.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Ոսկեհատ բնակավայր՝ հետևելու կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին:
Ոլորտային պատասխանատուները, ներկայացնելով 37 մլն 788 հազար դրամ ծրագրային արժեքով և 70% պետության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրին վերաբերող մանրամասները, նշել են, որ նախատեսվող աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կվերանորոգվի 1960-ական թվականներին կառուցված 460 քմ մակերեսով միահարկ մանկապարտեզը, իսկ համայնքապետարանի միջոցներով հաստատությունը կհամալրվի գույքով, կբարեկարգվի նաև 500 քմ մակերեսով բակային տարածքը։ Ծրագրի ավարտին բնակավայրի ավելի քան 60 երեխայի նախադպրոցական կրթությունն ապահովելու համար լավագույն շենքային պայմաններ կստեղծվեն, ինչպես նաև 15 հիմնական աշխատատեղ կստեղծվի:
Կարևորելով յուրաքանչյուր համայնքում բարեկարգ և գույքով ապահովված մանկապարտեզի առկայությունը՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մարզում մանկապարտեզների հիմնանորոգման և ընթացիկ նորոգման շուրջ 30 հայտ է ներկայացվել կառավարություն: Նա միաժամանակ անդրադարձել է շինաշխատանքների որակյալ իրականացման ուղղությամբ մասնավորապես մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից տարվող հսկողությանը՝ ցանկացած պարագայում անընդունելի համարելով ծրագրերի թերի, շինարարական նորմերին ոչ համարժեք իրականացումը: