Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետն Արգինա և Քարակերտ բնակավայրերում ծանոթացել է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկած շինաշխատանքներին
19.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Արգինա և Քարակերտ բնակավայրեր՝ ծանոթանալու համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկած շինաշխատանքներին:
Արգինայում փոխմարզպետը հետևել է ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվում են 47.83 մլն դրամ պայմանագրային արժեքով և 70% պետության համաֆինանսավորմամբ: Համայնքային իշխանության պատասխանատուները փոխմարզպետին հայտնել են, որ բնակավայրում ջրամատակարարման ցանցը կառուցվել է խորհրդային տարիներին՝ հիմնականում թուջից խողովակներով, որոնց մեծ մասի քայքայված լինելու պատճառով վթարները հաճախակի են դարձել: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում ամբողջությամբ կառուցվելու է Արգինա բնակավայրի ջրամատակարարման՝ 3000 գծ երկարությամբ ներքին ցանցը և 265 ջրաչափական հանգույց։ Բնակավայրը կունենա 150 տոննա վերանորոգված ՕԿՋ։
Քարակերտում էլ Առնակ Ավետիսյանին ներկայացվել են նորակառույց Հ. Թումանյան փողոցի գազիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշվել է, որ 4.93 մլն դրամ պայմանագրային արժեքով և պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրով նորակառույց փողոցում կառուցվելու է 400 գծ.մ երկարությամբ պողպատե խողովակներով գազատար համակարգ, որից կօգտվի 22 տնային տնտեսություն։ Ապա անդրադարձ է եղել բնակավայրում հաստատված ևս երկու սուբվենցիոն ծրագրով մշակույթի տան տանիքի վրա արևային համակարգի տեղադրման և Բյուզանդի, Իսահակյանի, Պ. Սևակի և Հ. Շիրազի փողոցների ասֆալտապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:
Ամփոփելով շրջայցը՝ փոխմարզպետը ոլորտային պատասխանատուներին հորդորել է ամենայն լրջությամբ վերաբերվել շինաշխատանքների որակյալ և պայմանագրով սահմանված ժամկետներում իրականացմանը՝ ընդգծելով, որ մարզպետարանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համայնքային ծրագրերի ընթացքը: