Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Էդվարդ Հովհաննիսյանը եզդիաբնակ Ֆերիկ համայնքում ներկա է գտնվել համայնքահեն նախակրթարանի բացմանը
02.09.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է եզդիաբնակ Ֆերիկ համայնքի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել պետական բյուջեի միջոցներով և բարերարի օժանդակությամբ հիմնված համայնքահեն նախակրթարանի բացմանը:
Համայնքի ղեկավարի և կրթության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորաբաց նախակրթարանում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացվել է, որ պետական աջակցությամբ ծրագիրն իրականացվել է 7 մլն 800 հազ. դրամի շրջանակում, իսկ բարերարն օժանդակել է գույքի և երեխաների համար առաջին անհրաժեշտության պարագաների ձեռք բերման հարցում: 2022-2023 ուսումնական տարում էլ նախակրթարան կհաճախի 9 երեխա:
Իր խոսքում մարզպետը կարևորել է նախակրթարանի դերակատարումը նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և դաստիարակության հարցում՝ համոզմունք հայտնելով, որ նախակրթարանում ստացած գիտելիքները դրական ազդեցություն կունենան ուսումնառության հետագա տարիների ընթացքում:
Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում կարևորել է նաև բյուջեի սահմանափակ հնարավորություններ ունեցող եզդիաբնակ համայնքում առաջին անհրաժեշտության խնդիրների լուծումը՝ ընդգծելով, որ Ֆերիկը գտնվում է կառավարության և մարզային իշխանության մշտական ուշադրության ներքո, որի հերթական ապացույցն առանց համայնքի մասնակցության 2.98 մլն դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրով 2․025 կմ երկարությամբ լուսավորության ցանցի անցկացումն է:
Ֆերիկ համայնքի հանդեպ դրսևորած ուշադրության և իրականացված ծրագրերի համար համայնքապետ Ռուստամ Հասանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին և վստահեցրել, որ իրականացված աշխատանքները կծառայեն ի շահ բնակչության բարօրության: