Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը

28.09.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ոլորտային պատասխանատուները:

Մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերի շրջանակում Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է 2022 թվականի ինը ամիսների Արմավիրի մարզի համայնքների բյուջեներով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրմանը, այդ ուղղությամբ համայնքապետարանների կողմից իրականացվելիք վարչարարությանը, ներկայացրել է համայնքների կողմից ընդամենը եկամուտների պլանավորումը և փաստացի հավաքագրումը:

Մարզպետը նշել է, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը պարբերաբար անդրադառնալը նպատակ է հետապնդում պատշաճ ձևով ապահովել այն՝ հորդորելով ժամանակին և որակյալ կազմակերպել աշխատանքները:

Էդվարդ Հովհաննիսյանը նաև տեղեկություն է ներկայացրել ըստ հարկատեսակների իրականացված հավաքագրումների վերաբերյալ՝ շեշտելով, որ առանձին համայնքներ ինը ամիսների կատարողական պատկերի մեջ ունեն բավականին բարձր ցուցանիշներ, սակայն տարեկան պլանի համեմատ որոշակի մտահոգություններ դեռևս շարունակվում են: Մարզպետը շեշտել է, որ վարչարարական գործիքները և աշխատանքները պետք է ակտիվ գործեն՝ ապահովելով բյուջեի հավաքագրումների կատարումը:

ՀՀ Արմավիրի մարզում ինքնակամ շինությունների իրականացման գործընթացի կանխարգելման և կասեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների և այդ ոլորտում համայնքապետարանների կողղմից իրականացվելիք վարչարարության վերաբերյալ զեկուցել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նշելով Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից մարզի համայնքներում ինքնակամ շինարարական աշխատանքները կանխելու, կասեցնելու և հաշվառելու ուղղությամբ կատարված գործառույթները՝ նա ներկայացրել է ըստ համայնքների արձանագրված ինքնակամ համարվող շինությունների քանակական ցանկը:

Նա համայնքապետարանների առաջնահերթ խնդիրն է համարել ապահովել համայնքների ազգաբնակչության պատշաճ իրազեկումը՝ նշելով, որ սահմանված ժամկետներում և կարգով ինքնակամ շինությունների հաշվառումն իրականացնելը բխում է իրենց իսկ շահերից:

Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները և իրականացվելիք աշխատանքները գնահատելով ոչ ամբողջական՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է աշխատանքային ընթացակարգով շարունակել ինքնակամ շինությունների հաշվառման աշխատանքները:

Օրակարգային հարցերի շրջանակում Աշոտ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև համայնքներում կատարվող աղբահանության աշխատանքների ընթացքին՝ դրանք պատշաճ մակարդակով իրականացնելու, սանիտարահիգիենիկ իրավիճակը բարելավելու, աղբահանության վարձավճարների կատարողական ցուցանիշները բարձրացնելու, աղբահանության ծախսերի և եկամուտների հստակ հավաքագրումն ապահովելու նպատակով համայնքների ղեկավարներին առաջարկելով խստացնել հսկողությունը ընդհանուր գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ։

Կարևորելով համայնքներում սանիտարական պատշաճ վիճակի ապահովումը՝ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է համայնքապետերին գործուն քայլեր ձեռնարկել աղբահանության գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետում լիարժեք իրականացնելու ուղղությամբ:

Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների մթերման ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսական մթերքների իրացման հարցը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության և մարզպետի ուշադրության կենտրոնում:

Նա նշել է, որ մարզում տեղակայված մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 8210 տոննա պտուղ-բանջարեղեն: Խնդիրներ կան խաղողի մթերման ոլորտում: Գործող մթերող կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել մթերելու հնարավոր առավել չափով խաղող: Արդյունքում շուրջ 28 հազար տոննա խաղողի մթերման հարցը շարունակում է մնալ խնդրահարույց:

Անդրադառնալով հարցին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ավելացրել է, որ պայմանավորվածություններ կան, սպասում են հետագա քայլերի:

Օրակարգային հարցերի շրջանակում 2022 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ զեկուցել է մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ-գլխավոր իրավաբան Լիաննա Հարությունյանը:

Մարզխորհրդի նիստն ավարտվել է օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ և ընթացիկ հարցերի քննարկմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50