Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ
02.10.2022
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ազգային փոքրամասնությունների օր։
Ի սրտե շնորհավորում եմ Արմավիրի մարզում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր ապրելով մեզ հետ՝ մեր կողքին, իրենց ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում։
Հայերի պատմությունը նաև նրանց պատմությունն է, քանզի հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում միասին պայքարել ու մաքառել են՝ հանուն հայրենիքի, հանուն խաղաղ ու բարեկեցիկ կյանքի։
Մենք՝ հայերս, սփռված լինելով ողջ աշխարհով, շատ լավ գիտենք, թե ինչ ասել է ապրել օտարության մեջ, ապրել այլ էթնիկ ու այլադավան միջավայրերում՝ փորձելով պահպանել սեփական մշակույթը, բայց միևնույն ժամանակ հարգել այն մշակույթն ու ավանդույթները, որում ապրում ենք։
Ուստի, մենք հպարտ ենք, որ այլ ազգերն իրենց ապահով տունն են գտել մեր հայրենիքում, և արվում է ամեն հնարավորը, որպեսզի ազգային փոքրամասնությունները լինեն լիարժեք, ապրեն ազատ ու պահպանեն իրենց մշակույթը, լեզուն, պատմությունն ու ավանդույթները, ինչը հանդուրժողականության յուրօրինակ դրսևորում է սերունդների համար։
Միևնույն ժամանակ շնորհակալ ենք ազգային փոքրամասնություններին այն ջանքերի համար, որ նրանք ներդնում են՝ մեր հայրենիքի շենացման ու կայուն առաջընթացի համար, այն զինվորներին, ովքեր հայ մարտիկների հետ պաշտպանում են մեր երկրի սահմանները, այն մարզիկներին, ում շնորհիվ Հայաստանի պետական դրոշը ծածանվում է աշխարհի տարբեր երկրներում։
Ինչ խոսք, Արմավիրի մարզն իր հերթին գրկաբաց ընդունում և դառնում է օթևանն այն մարդկանց, ովքեր սիրում ու գնահատում են այն։
Հարգելի բարեկամներ,
Կրկին շնորհավորելով կարևոր օրվա առթիվ՝ ցանկանում եմ խաղաղություն հայոց աշխարհին, իսկ ձեր ընտանիքներին՝ բարեկեցություն: Ամենայն լավն ու բարին բոլորիդ: