Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բնագիտական լաբորատորիայի բացում Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում
04.10.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել բնագիտական լաբորատորիայի բացմանը:
«Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում ստեղծված լաբորատորիայում, որը տեղակայված է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Համբարձումյանի անվան դասասենյակում, կրթօջախի սաները հնարավորություն կունենան «կենսաբանություն» և «ֆիզիկա» առարկաներից ստացած տեսական գիտելիքը զուգորդել գործնականի հետ, ինչը նոր որակ կբերի և մեծ դեր կունենա պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում:
Ողջունելով ներկաներին, շնորհավորելով օրվա առթիվ և շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության իրականացման համար՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է ժամանակակից սարքավորումներով հագեցած դասասենյակի դերն ու նշանակությունը սերունդների մասնագիտական գիտելիքների արդյունավետ փոխանցման, գործնական կարողությունների ձևավորման հարցում:
Համոզմունք հայտնելով, որ լաբորատորիան կնպաստի աշակերտների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը, խմբային աշխատանքների, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը՝ մարզպետը նշել է, որ կրթական ոլորտին վերաբերող ցանկացած նախաձեռնություն պետության և տվյալ պարագայում մարզային իշխանության ուշադրության կենտրոնում է:
Միջոցառման ավարտին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ու Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման առանձին քննարկում են ունեցել հետագա համագործակցության, տարբեր ծրագրերի իրականացման շուրջ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում կրկին հանդիպել: