Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2022
Սիրելի մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես կրթությունը համարել է իր ազգային ինքնությունը պահպանելու ամենահուսալի զենքերից մեկը՝ առանձնահատուկ ակնածանք տածելով գիտելիքի հանդեպ և ճակատագրական բոլոր փորձությունների ժամանակ նախ և առաջ ապավինելով Ուսուցչին: Չկա ավելի բարդ, միաժամանակ՝ ավելի պատվաբեր գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անհատ ձևավորելու առաքելությունն է:
Ուստի, երախտագիտություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, ովքեր այսօր սիրով ու նվիրումով շարունակում են սերունդներին փոխանցել մայրենի լեզուն ու գիրը, հայեցի կրթությունն ու դաստիարակությունը, ազգային ու համամարդկային հոգևոր արժեքները՝ հավատարիմ մնալով մաշտոցյան սրբազան ուխտի պատգամներին:
Հարգելի ուսուցիչներ,
Սահմանին քաջաբար և աներկյուղ կռվում է ձեր դաստիարակած սերունդը, որ խորապես ճանաչում ու զգում է հայրենասիրությունը, անձնվիրաբար սիրում ու պաշտպանում է հայրենիքը:
Խոնարհվում եմ ձեր վաստակի առջև, անսպառ ուժ ու եռանդ եմ ցանկանում հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին: