Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հուշակերտ բնակավայր
06.10.2022
Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հուշակերտ բնակավայր, հետևել համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:
Մարզպետը նախ ծանոթացել է ընթացիկ տարվա համաֆինանսավորման ծրագրով ասֆալտապատված Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի, 5-րդ և 4-րդ փողոցները միացնող հատվածին:
Իրականացված ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 36.12 մլն դրամ, որի 40%-ը համաֆինանսավորել է պետությունը, իսկ 60%-ը՝ համայնքը:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ավարտված ծրագիրը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է որակյալ աշխատանքը՝ վստահեցնելով, որ դրանով է պայմանավորված ճանապարհի երկարատև շահագործումը:
Այնուհետև մարզպետը Հուշակերտում այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզ, հետևել ընթացիկ աշխատանքներին:
Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացում, տանիքի, պատուհանների, դռների փոխարինում նորերով, ինչպես նաև վերանորոգման այլ աշխատանքներ:
Շուրջ 60 երեխայի համար նախատեսված երկհարկանի և միահարկ անցասրահներով իրար միացած երկհարկանի և միահարկ մասնաշենքերից բաղկացած կառույցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102.34 մլն դրամ՝ 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ:
Քննարկելով աշխատանքների իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր՝ մարզպետը հորդորել է ամենայն պատասխանատվությամբ և որակական չափանիշները պահպանելով ծրագիրն ավարտին հասցնել պայմանագրով սահմանված ժամկետներում: