Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակում է ծանոթանալ մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքին
18.10.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում այսօր այցելել է Խոյ միավորված համայնքի Մոնթեավան, Շահումյան, Այգեշատ, Աղավնատուն, Ծաղկալանջ, Արագած բնակավայրեր, ծանոթացել ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, քննարկել 2022 թվականի համար համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներն ու համայնքային նշանակության խնդիրները:
Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այցելել է Մոնթեավան բնակավայր, որտեղ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ընթանում են 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
1.2 կմ երկարությամբ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը 95.75 մյն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65% է, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%:
Էդվարդ Հովհաննիսյանի հաջորդ կանգառը եղել է Շահումյան բնակավայրում, որտեղ մարզպետը ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին: Մարզպետին զեկուցվել է, որ 114 մլն 585.8 հազ. դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում» ծրագրի շրջանակում: Աշխատանքների 70 %-ն արդեն կատարված է, և նախատեսվում է դրանք ավարտին հասցնել հաջորդ տարի:
Այգեշատում մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների ընթացքին: 1968-1970 թթ-ին կառուցված մանկապարտեզում նախատեսվում է խոհանոցային մասի տանիքի ամբողջական վերանորոգում, պատուհանների և դռների փոխարինում, լուսավորության, կոյուղու ջրագծերի անցկացում, ջեռուցման համակարգի անցկացում, պատերի բարեկարգում, հատակի մասնակի սալիկապատում և լամինատային հատակի աշխատանքներ:
Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 51․5 մլն դրամ է՝ 30% համայնքի, 70%՝ պետության համաֆինանսավորմամբ:
Աղավնատուն բնակավայրում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է Բ. Ներսիսյան 2-րդ նրբանցք, Ս. Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքների ընթացքին:
Մարզպետին զեկուցվել է, որ 3308 մ երկարությամբ գազատարների կառուցմամբ նախատեսվում է 102 տնտեսության ապահովել կապույտ վառելիքով:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60․65 մլն դրամ, որի 45%-ը համաֆինանսավորում է պետությունը, իսկ 55%-ը՝ համայնքը:
Մարզպետի հաջորդ այցը եղել է Ծաղկալանջ բնակավայր, որտեղ պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ընթանում են խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 81.5 մլն դրամ է, որից 60%-ը համաֆինանսավորվում է պետության, իսկ 60%-ը՝ համայնքի կողմից:
Նախատեսվում է վերակառուցել 9 կմ երկարությամբ ջրագիծ, որի արդյունքում կապահովվի համայնքային ներքին ցանցի անխափան ու արդյունավետ շահագործում:
Էդվարդ Հովհաննիսյանի համայքային շրջայցի վերջին կանգառը եղել է Խոյ խոշորացված համայնքի Արագած գյուղի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ ևս ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում» ծրագրի շրջանակում մարզադահլիճ է կառուցվում: 273 մլն 954․2 հազ․դրամ արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին:
Լրագրողների հետ զրույցում մարզպետն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել իրականացվող աշխատանքները՝ նշելով. «Սուբվենցիոն ծրագրերի աշխարհագրությունը շատ լայն է. գրեթե բոլոր համայնքներն ընդգրկված են: Առաջնահերթ են համարվել այն ենթակառուցվածքները, որոնք բնակչության կենսամակարդակի համար կարևոր նշանակություն ունեն։ Այդպիսիք են՝ մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման, փողոցների ասֆալտապատման, ջրագծերի և ոռոգման համակարգերի հիմնանորոգման ու նմանատիպ ծրագրերը։
Մարզպետը կարևոր է համարել հետևողական և պատասխանատու վերաբերմունքը աշխատանքների իրականացման ընթացքին՝ հորդորելով ծրագրերը պայմանագրով սահմանված ժամկետներում ավարտին հասցնել՝ պահպանելով որակական չափանիշները։