Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկօրյա խորհրդակցություն մարզպետի խորհրդականի գլխավորությամբ
02.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը վերջին երկու օրերին խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի, ոստիկանության մարզային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Խորհրդակցության շրջանակում քննարկվել է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում պարտադիր ուսուցումից դուրս մնացած և 2022-2023-ի ընթացքում մեծ թվով բացականեր ունեցող աշակերտների հարցը: Ըստ դպրոցների ներկայացվել են աշակերտների հաճախելիության վերաբերյալ տեղեկություններ, նշվել են բացակայությունների հիմնական պատճառները, որոնք մասնավորապես պայմանավորված են ընտանեկան խնդիրներով, ազգային և անհատական առանձնահատկություններով:
Քննարկվել և ամփոփվել են տարեսկզբին տեղի ունեցած խորհրդակցության հանձնարարականներով կատարված աշխատանքների արդյունքները և տրվել են նոր հանձնարարականներ:
Կատարված աշխատանքների արդյունքում 111 աշակերտից 30-ը հաճախում է հանրակրթական ուսումնական հաստատություն: Մյուս երեխաներին հանրակրթություն ներգրավելու ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթօջախներում ամենօրյա հաշվառում իրականացնել, ակտիվ ու նպատակային աշխատանք ապահովել պատկան կառույցների և համապատասխան ընտանիքների հետ՝ անհրաժեշության դեպքում կիրառելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ թույլատրելի վարչական մեթոդներ: