Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 դպրոցը տոնել է հիմնադրման 80-րդ տարեդարձը
11.11.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ ու շրջանավարտներ:
Միջոցառումը մեկնարկել է դպրոցի բակում հայոց քարաքանդակ այբուբենի բացմամբ, որից հետո կրթօջախի սաները ներկայացրել են հայկական ազգային տոներն ու ավանդույթները:
Այնուհետև ներկաները շրջել են դպրոցի պատմության թանգարանում և «Այստեղ մեր կիսված սիրտն է» սրահում, որի միջոցով կրթօջախը փորձել է փաստագրել, վավերացնել և գալիք սերունդներին փոխանցել իրեն բաժին հասած ժառանգությունը, որպեսզի 80 տարվա պատմություն ունեցող դպրության խորանում չընդհատվի սերունդների կապը:
Շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ և բարձր գնահատելով բազմավաստակ կրթօջախի ուրույն ձեռագիրը սերունդների կյանքում՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ դեռ երկար տարիներ այն շարունակելու է իր անխոնջ ընթացքը, իսկ տարբեր տարիների ուսուցիչների և աշխատակազմի նվիրված աշխատանքի արդյունքը վկայությունն է կրթօջախի երկարակեցության: Մարզպետը կրթական հաստատությանը հաջողություններ, բեղմնավոր գործունեություն և նորանոր նվաճումներ է մաղթել, որոնք էլ ավելի կբարձրացնեն դպրոցի հեղինակությունը և կնպաստեն պետության հզորացմանը:
Դպրոցի հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ տնօրինության կողմից շնորհակալագրերով են խրախուսվել կրթօջախի տարբեր տարիների լավագույն շրջանավարտները:
Պետական, հասարակական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում դպրոցի վարկանիշն առավելագույնս բարձր պահելու համար «Պատվավոր շրջանավարտ» հուշագրի է արժանացել Արմավիրի Ռ. Եղոյանի անվան համար 1 ավագ դպրոցի շրջանավարտ, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:












