Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված խանջյանցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացմանը
29.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Խանջյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացման արարողությանը:
Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների անմար հիշատակը, որից հետո ձեռամբ Արմավիրի թեմի հոգևորաց դասի տեղի է ունեցել խաչքարերի օծումը:
Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է. «Անհատապես իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մեր նահատակված զինվորների ընտանիքների անդամներին, հարազատներին` ասելով, որ տղաներն անմահ են, նրանց շունչն ամենուր է, նրանք այս հաղթական հողի հավերժի ճամփորդն են և հիշվելու են, քանի դեռ նրանց սխրանքների մասին պատմում են։ Իսկ այս քարեղեն վկայությունը կարևոր է, որպեսզի սերունդներն այս խաչքարի մոտ հայրենասիրության ևս մեկ դաս սերտեն և ճանաչեն իրենց հերոսներին:
Հավերժ փառք ու խոնարհում»։
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել հայորդիների հավերժությունը խորհրդանշող հուշարձանին:
Հավելենք, որ խաչքարի գաղափարը համայնքինն է, որի համար աջակցություն են ցուցաբերել բոլոր խանջյանցիները: