Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս
02.12.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս:
Մեծանուն հայի՝ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ նրանք ծաղիկներ են խոնարհել մարշալի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որի կողքին մարզպետը խորհրդանշական ծառ է տնկել՝ ի հիշատակ հայազգի զորահրամանատարի:
Այնուհետև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինվորների ու սպաների հետ, ծանոթացել ուսումնանյութական բազային, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Մարզպետը հետաքրքրությամբ անցնելով ուսումնական լսարաններով, զորանոցներով՝ հետևել է պարապմունքների ընթացքին:
Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացվել է նաև զորամասի գրադարանը, ակումբը, ինչպես նաև ուսումնական կենտրոնի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող լսարանը:
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով զոհված և անհայտ կորած զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև: