Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ
31.12.2022
Հարգելի՛ հայրենակիցներ,
ընդունե՛ք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ:
Ամեն անգամ տարեմուտին մենք ամփոփում ենք մեր մտքերն ու զգացումները, վերհիշում մեր կատարած աշխատանքները, վեր հանում մեր առջև ծառացած խոչընդոտներն ու դրանց պատճառները և ամեն անգամ ավելի ենք գիտակցում, որ դեռ շատ անելիքներ ունենք:
Թեև 2022 թվականը լի էր փորձություններով, արտաքին և ներքին մարտահրավերների բացասական ազդեցություններով, այնուամենայնիվ ռեսուրսների և ջանքերի կենտրոնացմամբ մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և Արմավիրի մարզում ապահովել զարգացման և բարեկարգման բուռն գործընթաց:
Այն աննախադեպ էր իր ծրագրերի քանակով, ծավալով, իրականացրած շինարարական աշխատանքներով: Այս ամենը լինելու է շարունակական գործընթաց, քանի որ բոլորս մեկ նպատակ ունենք՝ տեսնել մեր երկիրը տնտեսապես զարգացած, հզոր, անվտանգ և խաղաղ:
Վստահ եմ՝ մեր միասնականությամբ ու հավաքական ուժի շնորհիվ մենք շարունակելու ենք հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտում համատեղ քայլերով առաջ շարժվել՝ կառուցելով ու շենացնելով Հայաստանը՝ հանուն մեր պետականության ամրապնդման և անկախության հարատևման:
Ցավով պետք է նշեմ, որ այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք: Արցախում այս պահին 120 հազարից ավել քաղաքացի ամբողջական շրջափակման մեջ է: Նրանք շարունակում են կենաց-մահու պայքար մղել՝ հանուն ապրելու իրավունքի, հանուն գոյատևման և ինքնության պահպանման:
Այսօր մենք ունենք կարևոր առաքելություն՝ կանգնել արցախցու, Արցախի մեր հայրենակիցների կողքին:
Ի վերջո, մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերն ու ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում՝ մաղթելով խաղաղություն, առողջություն ու բարօրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։