Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2023 թվականի ձմեռային առաջին զորակոչը

09.01.2023

 Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանումում մեկնարկեց 2023 թվականի ձմեռային առաջին զորակոչը, որտեղ ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպա, մայոր Գևորգ Պողոսյանը նորակոչիկների ծնողներին ներկայացրեց «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը:

Ծրագրով ժամկետային պարտադիր զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարի ժամկետով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար ՀՀ դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։ Աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն պայմանագրային զինծառայողները կունենան, եթե ատեստավորում անցնեն։

Ժամկետային պարտադիր զինծառայողը 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության, իր զեկուցագրի համաձայն, կարող է նշանակվել ինչպես իր բնակավայրին մոտ զորամասում, այնպես էլ իր ցանկությամբ նշանակվել այլ զորամաս կամ շարունակել ծառայությունը տվյալ /նախորոշված/ զորամասում:

Պայմանագրային զինվորական ծառայության 5 տարի ժամկետը լրանալիս ՀՀ Կառավարության որոշմամբ տրամադրվելու է նաև 5 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար, որը զինծառայողը կարող է տնօրինել ազատորեն:

Հանդիպում-քննարկումից հետո նորակոչիկներին ուղեկցեցին Սարդարապատի հուշահամալիր, որտեղ էլ տեղի ունեցավ 2023 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետարանի պատվիրակությունը՝ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, համայնքապետերն ու նորակոչիկների հարազատները: Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները մարզային իշխանության ներկայացուցիչների հետ ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի հուշահամալիրում: Այնուհետև առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց և նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ ասելով. «Վերջին տարիներին թշնամու կողմից սանձազերծած պատերազմը, արցախահայության առաջ ծառացած բարդ մարտահրավերները ստիպում են բոլորիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել հայրենիքի պաշտպանության անձնազոհ գործին և հավատարիմ մնալ հայ զինվորի հաղթական նկարագրին:

Վստա՛հ եմ՝ բոլորդ Հայոց Բանակի շարքերը համալրելու եք մեկ կարևոր գիտակցումով՝ հայրենասիրությամբ ու հայ տղամարդուն արժանի պատվախնդրությամբ, հայրենի տունն ու ընտանիքի պատիվը պաշտպանելու, ազատ ապրելու ոգով:

Համոզվա՛ծ եմ, որ ձեր նվիրումի, քաջության և հայրենասիրության շնորհիվ բոլորս ապրելու ենք հզոր և անհաղթ հայրենիքում: Բոլորիս միասնականության շնորհիվ՝ մենք ու մեր երեխաները ունենեալու են շենացած, զարգացած և անվտանգ պետություն»:

Փախմարզպետը նորակոչիկների ծնողներին կոչ արեց համբերությամբ և հավատով սպասել իրենց զավակների վերադարձին:

Օրվա կապակցությամբ Տերունական աղոթք հնչեցրեց և նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:

Վերջում նորակոչիկներին ՀՀ Արմավիրի մարզպետ Է. Հովհաննիսյանի և համայնքների ղեկավարների կողմից նվերներ հանձնեցին, որից հետո հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո, բարձր տրամադրությամբ նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ՝ ստանձնելով հայրենիքի պաշտպանի դերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50