Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաղարշապատի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզը վերանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 280 սաների առջև
12.01.2023
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի հետ միասին ներկա է գտնվել Վաղարշապատի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի վերաբացման արարողությանը:
Այսօր մանկապարտեզը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել շուրջ 280 փոքրիկների առջև:
Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի դեսպանատան Grassroots դրամաշնորհային ծրագրի շնորհիվ, որին Վաղարշապատի համայնքապետարանը դիմել էր 2021 թ. հունիսին:
Ծրագրի միջոցներով վերանորոգվել են մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, խոհանոցը, պատշգամբներն ու սանհանգույցները:
Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Բացվել է նաև 30 երեխայի համար նախատեսված հավելյալ խումբ:
Բացմանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքի ավագանու անդամներ:
Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը օրվա կապակցությամբ Տերունական աղոթք հնչեցրեց և կատարեց տնօրհնեքի կարգ։
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին իր խոսքում նշեց, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է նախադպրոցական կրթության դերը և վստահ է, որ նոր սերունդն ունի մեծ ներուժ՝ հզոր և բարեկեցիկ երկիր ստեղծելու համար, ուստի ամեն ինչ պետք է արվի, որ երեխաները սովորեն բարեկեցիկ պայամաններ ունեցող մանկապարտեզներում։
Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն էլ, ողջունելով ներկաներին և հյուրերին, իր խոսքում նշեց, որ այս ամենն արդյունավետ համագործակցության արդյունք է, որը մեր երեխաներին ու մանկապարտեզի աշխատակիցներին տվել է որակյալ կրթության և դաստիարակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ճապոնիայի կառավարությունը մշտապես կարևորել է կրթության դերը, և իր ծրագրային քաղաքականությամբ հավատարիմ է մնացել իր սկզբունքներին:
Փոխմարզպետը հավելեց, որ բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց հիմքում կրթությունն ու կրթական ոլորտն է, գտնվում են մեր պետության, մարզային իշխանության ուշադրության կենտրոնում: Մենք նպատակ ունենք ստեղծել ուսումնական այնպիսի միջավայր, որտեղ երեխան ազատ կլինի բացահայտելու սեփական ներուժն ու հնարավորությունները:
Ի երախտագիտություն տարիների արդյունավետ համագործակցության՝ համայնքի ղեկավարը դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին շնորհեց «Էջմիածին քաղաքի բարեկամ» կոչում:
Միջոցառումն ամփոփեցին մանկապարտեզի ներկա և նախկին սաները՝ թեմատիկ մշակութային կատարումներով:
Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին մանկապարտեզում, ծանոթացան կատարված աշխատանքներին ու ստեղծված պայմաններին: