Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման հանդիպում՝ ՀՀ Արմավիրի մարզից ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողների հետ՝ ՀՀ զինված ուժերում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում

26.01.2023

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանի գլխավորությամբ՝ մարզպետարանում անցկացվեց իրազեկման հանդիպում մարզի Բաղրամյան, Արմավիր և Մեծամոր համայնքներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողների հետ՝ «ՀՀ զինված ուժերում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման առանձնահատկությունները» թեմայով։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային ստորաբաժանման զորահավաքային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գառնիկ Անտոնյանը, ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի սպաներ, մայոր Դավիթ Պոլեյանը և մայոր Ալեքսան Գոլովորյանը, համայնքապետարանների զորահավաքի գծով պատասխանատուները:

Անդրանիկ Լալայանը ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում այսօր մեծ թվով ժամկետային զինծառայողներ կան, ովքեր համարվում են ծրագրի շահառուներ և հետագայում համալրելու են ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողների շարքերը:

ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի սպա, մայոր Դավիթ Պոլեյանը ծնողներին ներկայացրեց ծրագրի կարևոր դրույթները:

Նշենք, որ ծրագիրը նախատեսված է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար պատվովճար սահմանելու իրավունք: Պատվովճարի չափը սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամ, որն ազատորեն տնօրինվելու է զինծառայողի կողմից:

Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով: Դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը:

Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը:

Միջոցառման ընթացքում ծնողների կողմից բարձրացված բազմաբովանդակ հարցերին բանախոսների կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ:

Նշենք, որ Արմավիրի մարզում շարունակական բնույթ են կրելու նույնաբովանդակ իրազեկման հանդիպումները, որոնք անցկացվելու են մարզի բոլոր համայնքներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50