Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզի և ԳԴՀ Բուրգենլանդի շրջանի միջև համագործակցության հուշագրի ծրագրերը գործնական փուլ են մտնում
27.01.2023
2022 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված ՀՀ Արմավիրի մարզի և ԳԴՀ Բուրգենլանդի շրջանի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում սույն թվականի հունվարի 23-ից 27-ը Արմավիրի մարզի փորձագիտական խումբը ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այցելել է ԳԴՀ Բուրգենլանդի շրջանի Նաումբուրգ քաղաք:
Բուրգենլանդ շրջանի մի շարք պաշտոնատար անձանց և Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերի հետ ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ փոխմարզպետը ողջունել է ներկաներին և նշել, որ Արմավիրի մարզային իշխանությունը կարևորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և հատկապես Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդ շրջանի և ՀՀ Արմավիրի մարզի միջև բարեկամական կապերի ամրապնդումը:
«Մենք բարձր ենք գնահատում Բուրգենլանդ շրջանի հետ համագործակցությունը Արմավիրի մարզի համար առանցքային կարևորություն ունեցող՝ ուսուցում և մասնագիտական կրթություն, արդյունավետ և էկոլոգիապես մաքուր թափոնների բեռնափոխադրման, ոռոգման համակարգերի և խաղողագործության մեջ երիտասարդ գիտական ներուժի ձեռքբերման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների զարգացման և պահպանման, դրանց զբոսաշրջային շուկայավարման ոլորտներում:
Փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում առաջիկա տարիներին իրականացվող ծրագրերը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև արժեքներ փոխանցելու կարևորություն ունեն»,- իր խոսքում նշել է փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:
ՀՀ Արմավիրի փորձագիտական խումբը այցելել է աղբի այրման, ինչպես նաև աղբի տեսակավորման գործարան: Շրջայցից հետո բարձրացված մի շարք կարևոր հարցերի շուրջ կազմակերպվել է քննարկում՝ մարզում թափոնների մշակման հնարավորությունների, առկա պայմանների և նախատեսվող գործընթացների ուղղությամբ:
Փոխմարզպետի գլխավորությամբ հաջորդ այցը եղել է Ցայթց քաղաքի մասնագիտական դպրոց և Դոմ-գիմնազիա, որտեղ քննարկվել են կրթության ոլորտի մի շարք առանցքային հարցեր: Քննարկման արդյունքում որոշվել է հնարավորություն ընձեռել Արմավիրի մարզում գերմաներեն լեզվի B1 դիպլոմ ունեցող, ավագ դասարանում սովորող 10 աշակերտի 10 օրով մեկնել Գերմանիա և մասնակից լինել մասնագիտական դպրոցների դասընթացներին։ Այնուհետև , միջնակարգ կրթության ատեստատ ստանալով, կարող են իրենց ուսումը շարունակել Բուրգենլանդ շրջանի մասնագիտական դպրոցում, որը կտևի երեք տարի։ Առաջիկայում նախատեսվում է նաև մարզի գերմաներենի ուսուցիչների համար առցանց քննարկումներ կազմակերպել Բուրգենլանդ շրջանի դպրոցների ուսուցիչների հետ:
Արմավիրի փորձագիտական խումբը այցելություն է ունեցել նաև գինու գործարան, որտեղ ներկայացվել է մարզի գինեգործության ոլորտի մի շարք հարցեր, քննարկվել են հայ և գերմանացի երիտասարդ գինեգործների միջև փորձի փոխանակման և փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորություները:
Հունվարի 26-ին խումբն այցելել է Նաումբուրգի կոյուղաջրերի մաքրման կայան, որտեղ քննարկվել են Արմավիրի մարզի կոյուղաջրերի մաքրման, կոյուղագծերի անցկացման և դրանց խնդիրների լուծման հիմնահարցերը:
Նույնը օրը հանդիպում-քննարկում կազմակերպվեց նաև զբոսաշրջության ոլորտում փոխադարձ համագործակցության և զարգացման հեռանկարների շուրջ:
Հանդիպման վերջում ՀՀ Արմավիրի մարզի փորձագիտական խմբի և ԳԴՀ Բուրգենլանդի շրջանի ոլորտային պատասխանատուների հետ մշակվել են համագործակցության ծրագրեր և պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում ծրագրերի շրջանակներում միջոցառումների իրականացման համար: