Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների ուժեղացում և վերամշակման խթանում» ծրագրի փակման արարողությանը
27.01.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել «Այ էս ԷՍ ԴԻ» «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մարդկային Անվտանգության ''Grassroots'' դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների ուժեղացում և վերամշակման խթանում» ծրագրի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ Արմավիրի քաղաքապետարանում:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը երկարատև համագործակցության լավ ավանդույթ ունի Ճապոնիայի կառավարության հետ ամենատարբեր ծրագրերի շրջանակներում, Ճապոնիայի դեսպանության ներկայությունը զգացվել է համայնքային ամենատարբեր միջոցառումներում, սոցիալական, կրթական և այլ ծրագրերում։
Բոլոր այս ծրագրերը շատ կարևոր են նաև իր համար և պատրաստ են օժանդակել նմանատիպ բոլոր նախաձեռնություններին։
«Ես ուզում եմ նշել, որ մենք աղբը իր տեղում նետել կամ չնետելու խնդիր ունենք: Շատ երկրներում քաղաքացիների մեջ աղբի տեսակավորման մշակույթ կա ձևավորված, իսկ ինչու՞ մեր բակերը, ճանապարհները, շրջակա տարածքը մաքուր չլինեն: Պետք է վերլուծել, համակարգային ուսումնասիրություն անցկացնել, հասկանալու համար, թե ինչումն է խնդիրը: Եկեք յուրաքանչյուրս մեզանից կախված ամեն ինչ անենք, որպեսզի համընդհանուր պայքարենք շրջակա միջավայրի մաքրության համար: Անհրաժեշտ է տեղական մակարդակում հզորացնել կոշտ թափոնների կայուն կառավարման կարողությունները, ներառյալ թափոնների կառավարումը և աղբավայրերի գործունեության ու կառավարման պլանավորումը։ Կարևոր է, որ տեղական իշխանությունները և համայնքները ներգրավվեն պլանավորման գործընթացում։
Այս առումով շատ գնահատելի է «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ) ՀԿ նախագահ պարոն Մխիթար Ավետիսյանի կողմից ստորագրված պայմանագրի շրջանակներում։
Վստահ եմ, որ Արմավիրի քաղաքում համայնքային իշխանության հոգածությամբ, հետևողականությամբ կբարելավվի կոշտ թափոնների կառավարման համակարգը, և Արմավիր համայնքում տեղադրված աղբի տեսակավորման ավելի քան 100 աղբամանները կծառայեն իրենց նպատակին»,- իր խոսքում նշեց մարզպետը:
Նշենք, որ շրագրի շրջանակներում Արմավիր համայնքի տարբեր կառույցներում ինչպես փակ տարածքներում, այնպես էլ բացօթյա վայրերում տեղադրվել են թափոնների տեսակավորման արկղեր: Արմավիրում հավաքված թափոնները ուղարկվելու են վերամշակման, և դրանցից ստացված տարբեր գրենական պարագաները տրամադրվելու են առաջին դասարանցիներին:
Միջոցառման վերջում Արմավիրի մշակույթի տան հարակից տարածքում տեղադրվեց թափոնների տեսակավորման արկղեր, որոնց վրա ներկայացված են փոքրիկ ուղեցույցներ, ինչը հուշում է, թե որ տեսակի աղբը որ ամանը գցել: