Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ
28.01.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի նվիրյալներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ։
Հայրենիքի պաշտպանի օրը համազգային տոն է, քանզի մեր բանակը համաժողովրդական բանակ է։
Հայ ժողովուրդը բանակի ստեղծման օրվանից հայ զինվորին և սպային անվերապահորեն տվել է իր սերն ու հարգանքը, խորին ակնածանքով է վերաբերվել քաջարի պաշտպաններին, հպարտացել բոլոր նրանցով, ովքեր ծառայել և ծառայում են ազգային բանակում, ովքեր հայրենիքին մատուցած հերոսական ծառայությամբ իրենց կյանքից վեր են դասել ազգային շահը, երկրի ինքնիշխանությունը և անկախ պետականության կայացման գործում ունեցել են մեծ ավանդ։
Մեր հազարամյա երկրի պատմության ընթացքում բանակի փառքն ու հաղթանակները միշտ եղել են հայրենասիրութան ու ժողովրդի միասնության, հայրենիքին նվիրված նրա որդիների ու դուստրերի երաշխիքը։
Սիրելի՛ ընկերներ, այսօր մեր երկրի պաշտպանունակության ապահովումը մնում է պետության կարևորագույն խնդիրը, իսկ հայկական բանակը հանդիսանում են ազգային անվտանգության, մեր քաղաքացիների խաղաղ կյանքի և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման հուսալի երաշխիք։
Ցավոք, դավադիր գնդակից զոհված մեր տղաներին չի լինի ետ վերադարձնել, բայց նրանց կատարած սխրանքները սերունդներին փոխանցելու լավագույն հայրենասիրական դասերն են։ Անմահացած սուրբ նահատակների պատգամն է ամրացնում ու հզորացնում մեր բանակի մարտական ոգին և հույս ու հավատ ապրեցնում մի ողջ ժողովուրդի:
Այսօր էլ, երբ հայ ժողովուրդն ու արցախահայությունը կանգնած են խաղաղությանն սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, վստահ եմ՝ հայոց բանակն իր բարձր պրոֆեսիոնալիզմով, խիզախությամբ կպաշտպանի մեր քաղաքացիների խաղաղությունն ու անդորրը, ազգային շահը։
Շնորհակալ եմ հայրենիքին ազնվիրաբար ծառայած և այսօր էլ հանուն հայրենքի իրենց պարքը կատարող քաջարի սերունդներին։ Ձեր սխրանքն այսօր էլ հիանալի օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր այսօր ծառայում են բանակում՝ ցամաքում, օդում՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետությունը և Արցախը արտաքին սպառնալիքներից:
Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու ենք մեր անկախ պետականության հետագա զորացմանն ու մեր ժողովրդի խաղաղ, ապահով և անվտանգ կյանքի գլխավոր երաշխիքներից մեկը համարվող ազգային բանակի նկատմամբ համազգային հոգատարություն ցուցաբերել` բանակաշինության խնդիրները մշտապես պահելով յուրաանչյուրիս ուշադրության կենտրոնում։
Հայո՛ց բանակի հրամանատարներ և զինվորներ, Հայո՛ց բանակի նվիրյալներ, ձեզ մաղթում եմ քաջառողջություն, ուժ, կորով, արիություն և անառիկություն, հաջողություններ ծառայության մեջ, ընտանեկան երջանկություն։
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ։
Աստված պահապան հայ զինվորին․․․
Խորին խոնարհում մեր հերոսների հիշատակին…
Փառք ու պատիվ մեր հուսալի պաշտպան Հայոց բանակին...