Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հետևել է Մեծամոր քաղաքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին
01.02.2023
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները այցելեցին Մեծամոր քաղաք՝ հետևելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին:
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը մարզպետին ներկայացրեց ավարտված և շահագործման հանձնված, ինչպես նաև ընթացիկ աշխատանքները:
Մարզպետին շենքերի բակերի մոտ մեծ ոգևորությամբ դիմավորեցին բնակելի շենքերի բնակիչները, ովքեր գոհունակություն հայտնեցին կատարված աշխատանքներից և նշեցին, որ մեծ ակնկալիքներով սպասում են հետագա ծրագրերի իրականացմանը՝ վստահեցնելով, որ իրենք էլ են պատրաստ իրենց չափով օժանդակել և ներդրումներ կատարել, միայն թե տարիների ընթացքում քայքայված իրենց բնակավայրը շենանա:
Մարզպետն էլ իր խոսքում նշեց, որ շրջայցի ընթացքում տպավորությունները դրական էր հատկապես բնակիչների արձագանքից հետո:
Շենքերի հիմնադրումից՝ 1975 թվականից ի վեր գործարկված վերելակներն արդեն մաշված և քայքաված վիճակում են եղել, աշխատել են խափանումներով, և այսօր կատարված փոփոխությունը դրական արձագանք է գտել համայնքում:
Էդվարդ Հովհաննիսյանն ասեց, որ այսօր էլ աշխատանքները շարունակվում են, կապալառու կազմակերպության կողմից նշվել են այն ժամկետները, երբ պետք է ավարտվեն շինարարական աշխատանքները և շահագործման հանձնվեն վերելակները, իսկ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մեծամոր քաղաքում ևս 8 վերելակ կփոխարինվի նորով, որով էլ ամբողջությամբ կավարտվի Մեծամոր քաղաքի վերելակների խնդիրը։
Նշենք, որ 2022 թվականին ՀՀ Կառավարության կողմից հաստատվել էր Մեծամոր համայնքի ք.Մեծամոր 1 թաղամաս 13ա և 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման և 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինման ծրագերը:
Ծրագրերն իրականացվել են պետություն- համայնք համաֆինանսավորմամբ:
Մասնավորապես՝
✔️Ք. Մեծամոր 1 թաղամաս 13ա բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում: Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 36,993,130 ՀՀ դրամ է եղել (35% կառավարության, 55% համայնքի, 10% բնակիչների համաֆինանսավորմամբ)։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
✔️Ք. Մեծամոր 1 թաղամաս 27 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում: Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 31,290,533 ՀՀ դրամ (35% կառավարության, 55% համայնքի, 10% բնակիչների համաֆինանսավորմամբ)։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
✔️Ք. Մեծամորի 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինում: Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 47,490,000 ՀՀ դրամ (35% կառավարության, 55% համայնքի, 10% բնակիչների համաֆինանսավորմամբ)։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Թվով 5 վերելակների փոխարինում: Շահառուները՝ 1 թաղամաս 4Բ1- 36 բնակարան, 94 բնակիչ, 1 թաղամաս 6Բ1 – 36 բնակարան, 120 բնակիչ, 1 թաղամաս 8Բ1 – 36 բնակարան, 105 բնակիչ, 1 թաղամաս 8Բ2 - 36 բնակարան, 90 բնակիչ, 1 թաղամաս 2Բ - 36 բնակարան, 91 բնակիչ։