Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարների հետ
02.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ 2023 թվականի մարտի 2-ին անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն Արմավիր, Էջմիածին, Փարաքար, Խոյ, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարների և Ֆերիկ եզդիական համայնքի ղեկավարի տեղակալի մասնակցությամբ:
Աշխատանքային քննարկմանը մասնկնացում էին մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ, գլխավոր իրավաբան Լիաննա Հարությունյանը, ՏԻՄ վարչության աշխատակիցները, մարզային այլ պատասխանատուներ:
Գոռ Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին՝ ասաց, որ 2022 թվականը, համայնքների խոշորացման հետ կապված, բուռն աշխատանքային տարի էր. նոր ստեղծվող համայնքապետարանների աշխատակազմեր, բյուջեների հաստատում, հաստիքացուցակների և կառուցվածքների հաստատում, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի կազմում և ներկայացում ՀՀ Արմավիրի մարզպետարան և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս ամենը պահանջում էր լուրջ կազմակերպչական աշխատանք, որն իրականացվեց մարզպետարան-համայնք կայուն և արդյունավետ համագործակցության շնորհիվ:
Կարճ ժամանակահատվածում ստեղծվեցին աշխատակազմեր՝ պայմանագրային համայնքային ծառայողներով, ովքեր համայնքային տարաբնույթ խնդիրները սկսեցինք գույքագրել և ներկայացնել ըստ առաջնահերթության։
2022 թվականի ընթացքում Արմավիրի մարզում անցկացվել է ավելի քան 500 համայնքային ծառայողների թափուր պաշտոնների մրցույթ, որոնք սահմանված կարգով համալրվել են համապատասխան մասնագետներով:
Մարզպետարան–համայնքապետարաններ համատեղ աշխատանքների արդյունքում 2022 թվականի ավարտին արձանագրել ենք բարձր ցուցանիշ թե՛ սեփական եկամուտների հավաքագրման, թե՛ սուբվենցիոն ծրագրերի իրականացման, թե՛ համայնքի ղեկավարների լիազորությունների իրականացման ուղղությամբ:
Գոռ Հովհաննիսյանը ներկայացրեց 2023 թվականի ծրագրերը և մարզպետարան-համայնքապետարան հետագա համագործակցության ուղիները, վեր հանվեցին առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման և վերացման քայլերը:
Վարչության պետը նշեց, որ բոլոր համայնքապետարանները պետք է առաջնային դարձնեն ավագանու նստաշրջանների ու նիստերի անցկացումը, գործընթացի նախապատրաստումը՝ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ, գլխավոր իրավաբան Լիաննա Հարությունյանը հանդես եկավ խորհրդատվությամբ և մեթոդական օգնությամբ:
Լիաննա Հարությունյանը նշեց, որ հետևողական լինեն և ապահովեն համայնքի ղեկավարի, ավագանու որոշումների և այլ իրավական ակտերի բովանդակային և ՀՀ օրենսդրության համապատասխանությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները սահմանված ժամկետներում ներկայացնեն մարզպետարան, ապահովեն մարզպետարանի և համայնքապետարանի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում փաստաթղթաշրջանառությունը և հաշվետվությունների ներկայացումը:
Գոռ Հովհաննիսյանը ավելացրեց, որ անհրաժեշտ է առավել ակտիվացնել համայնքների համացանցային կայքերի վարումը, լինել հետևողական, ինչպես նաև իրականացնել ավագանու նիստերի առցանց հեռարձակումը՝ ապահովելով բնակչության իրազեկվածությունը:
Աշխատանքային խորհրդակցության վերջում վարչության պետը նշեց, որ կարևորում է համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարների գործառույթը և ակնկալում է նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային աշխատանքներին և համայնքներում իրականացվող բոլոր միջոցառումներին:
«Նմանատիպ հանդիպում-քննարկումները պարբերաբար կկազմակերպվեն թե՛ մարզպետարանում, թե՛ համայնքապետարաններում: Վստահ եմ, որ մեր համատեղ հետևողական աշխատանքն էլ ավելի արդյունավետ կդարձնի համայնք-մարզպետարան համագործակցությունը»,- խորհրդակցությունն ամփոփեց Գոռ Հովհաննիսյանը: