Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել «Արմավիրի մարզպետի գավաթ» ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության եզրափակիչ խաղը. հաղթող է ճանաչվել ՆՈԱ ֆուտբոլային թիմը
07.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի քաղաքային մարզադաշտում այսօր ներկա է գտնվել «Արմավիրի մարզպետի գավաթ» ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության եզրափակիչ խաղին։
Խաղին ներկա էին նաև մարզի ուժային կառուցների ղեկավարներ, խոշորացված համայնքների ղեկավարներ, ՀՖՖ ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Առաջնությունը մարզում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։
Մեկ ամիս տևած մրցաշարին մասնակցել են ինը ֆուտբոլային թիմեր՝ 2009 թվականին ծնված պատանի ֆուտբոլոիստներով։ Բացառություն էր միայն Երևանի «Փյունիկ»-ի հավաքական թիմը, որտեղ խաղում էին երկու տարի փոքր պատանիները։
Եզրափակիչ փուլ էին դուրս եկել ՆՈԱ և Փյունիկ ֆուտբոլային թիմերը։
Վճռորոշ խաղում համառ պայքարից հետո 11 մետրանոցներով հաղթեց ՆՈԱ թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Փյունիկի, իսկ երրորդ տեղը Մրգաշատ ֆուտբոլային թիմերը։
Արմավիրի մարզի ֆուդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Անդրանիկ Ղահրամանյանը ներկայացրեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստներին, որից հետո շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին աջակցության համար։
Մրցաշարի վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց մրցաշարի կազմակերպիչներին, մարզիչներին և պատանի ֆուտբոլիստներին և հավելեց, որ շարունակելու է աջակցել՝ խթանելով սպորտի և մարզաձևի զարգացումն ու մասսայականացումն Արմավիրի մարզում, որից հետո հաղթող ճանաչված թիմն արժանացավ մարզպետի գավաթին և պարգևատրվեց մեդալներով: