Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ քննարկվեց մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հարցերը
07.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի, համայնքի ղեկավարների և մարզպետարանի ոլորտային ղեկավարների հետ՝ մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերի շուրջ։
Հանդիպման սկզբում Անուշ Աբգարյանը ներկայացրեց ծրագիրը, ըստ որի ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Արմավիր և Էջմիածին քաղաքներ, որտեղ տեղակայված են լինելու ԹՈՒՄՈ կենտրոնները։ Յուրաքանչյուր «ԹՈՒՄՈ» տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի «ԹՈՒՄՈ» հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Աշակերտներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն և այլ մասնագիտություններ։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունեց ծրագրի շրջանակներում` 2023-2025 թվականների ընթացքում, ՀՀ Արմավիրի մարզի երկու քաղաքներում (Վաղարշապատ և Արմավիր) Թումո կենտրոններ կառուցելու և այդ կենտրոններին վեց Թումո տուփեր կցելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությունը և հայտնեց իր պատրաստակամությունը ՀՀ Արմավիրի մարզում ծրագրի իրականացմանն աջակցելու հարցում։
Քննարկման ընթացքում մարզպետը մանրամասնորեն դիտարկեց ծրագրի նախնական տարբերակով նախատեսված կենտրոնների և տուփերի տեղորոշման ընտրությունը՝ հանդես գալով համապատասխան առաջարկություններով։
«Ելնելով Արմավիրի մարզի տարածքային առանձնահատկությունից՝ նպատակահարմար եմ համարում, որ ունենանք երեք կենտրոն (Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներում) և 7 տուփ։ Մենք պետք է համատեղ որոշում կայացնենք՝ «ԹՈւՄՈ» տուփեր բացել մարզի այն բնակավայրերում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Պետք է հաշվի առնենք նաև բնակչության, սովորող աշակերտների և ուսանողների թվաքանակը, համայնքների հեռավորությունը, աշակերտների տեղափոխման հնարավորությունները»,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հստակեցնել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տուփերի տեղադրման վայրերը և քայլ առ քայլ իրականացնել հաստատված ծրագիրը։