Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի 01.01.2023թ ՆՀ-13-Ա հրամանագրով՝ հետմահու պարգևատրվեցին 2022թ սեպտեմբերի 13-15-ը մարտական գործողությունների հետևանքով Արմավիրի մարզից զոհված զինծառայողները
09.03.2023
Սույն թվականի մարտի 9-ին Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողակարգը:
Արարողակարգին ներկա էին Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը, Գյումրու կայազորի պետ գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, Արմավիրի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, մարզի համայնքների ղեկավարները, զինծառայողներ ու զոհվածների հարազատներ:
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց հանդիպման խորհուրդը՝ կարևորելով նահատակված հերոսների սխրանքները հավերժ հիշելու և նրանց հայրենանվեր գործին արժանին մատուցելու առումով:
«Հավատալով մեր պետության լուսավոր գալիքին՝ այսօր գլուխ եմ խոնարհում հանուն այդ հավատի նահատակված մեր բոլոր հերոսների վառ հիշատակի առաջ: Մեծ ուժ, ոգու ամրություն և համբերություն եմ մաղթում մեր հերոսածին մայրերին ու նրանց հարազատներին:
Այո՛, մեր ցավն այժմ մեծ է: Միաժամանակ մեծ է նաև հայի ապրելու և ապրեցնելու կամքը, արարելու և հզորանալու վճռականությունը: Եվ միայն այս ճանապարհով մենք կարող ենք որպես ազգ ու պետություն շարունակել մեր հարատևության ուղին և արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին:
Ընդունե'ք խոնարհումս ընկած հերոսների հիշատակին, քանզի նրանք ընկել են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն աշխարհասփյուռ հայության: Իսկ մենք՝ ապրողներս, ամեն հնարավորը պետք է անենք՝ նրանց անմահությունն իմաստավորելով մեր պետության հզորացմամբ և մեր ժողովրդի բարեկեցությամբ»,- իր խոսքն ամփոփեց փոխմարզպետը:
Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝
1. Լեյտենանտ Գեղամյան Էրիկ Արտակի (գ. Սարդարապատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
2. Շարքային Օհանյան Գուգարք Արմանի (գ. Զարթոնք), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
3. Շարքային Թովմասյան Ռուսլան Վալտերի (գ. Շենավան), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
4. Շարքային Բարսեղյան Էդիկ Սմբատի (ք. Մեծամոր), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
5. Շարքային Կարապետյան Վահե Ստեփանի (գ. Արաքս), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
6. Շարքային Բալաբեկյան Հակոբ Կարապետի (գ. Արտիմետ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
7. Շարքային Սարգսյան Վահագն Արմենի (գ. Խանջյան), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
8. Շարքային Չաթոյան Արման Բադրի (գ. Ջրառատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
9. Շարքային Գրիգորյան Սերոբ Սեդրակի (ք. Էջմիածին), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
10. Շարքային Սայադյան Կարեն Խաչիկի (գ. Գայ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
11. Շարքային Սարգսյան Աբրահամ Արթուրի (գ. Դալարիկ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
12. Շարքային պայմանագրային Թորոսյան Վահե Արամի (գ. Լուսագյուղ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
13. Շարքային պայմանագրային Ապետյան Անուշ Աշոտի (գ. Մրգաշատ), պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
14. Շարքային պայմանագրային Մխիթարյան Արման Վանիկի (գ. Արաքս), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
15. Շարքային պայմանագրային Աբգարյան Գայանե Գևորգի (ք. Էջմիածին), պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
16. Շարքային պայմանագրային Միսակյան Խաչիկ Արամի (գ. Բամբակաշատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հավերժ փառք ու խոնարհում անմահացած հերոսներին: