Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում կկառուցվի Smart Valley Armenia նորարարական հովիտ՝ Villagio ակումբային բնակելի տարածքով և միջազգային մակարդակի հյուրանոցային համալիրով
09.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ու «Սմարթ Բելլի Արմենիա» նախագծի հիմնադիր Մեցո Իգիթյանը ստորագրել են ռազմավարական գործընկերության հուշագիր՝ հայկական ինովացիոն հովիտ նախագծի իրականացման համար։
Հայաստանում իր հայեցակարգով առաջինը համարվող հովիտը կտեղակայվի Երևանի և Էջմիածնի միջև։
Investico ընկերության կառավարիչ գործընկեր Վյաչեսլավ Ղազարյանը Marriott International հյուրանոցային ցանցը ներկայացնող Synergy Comfort Hotels-ի հետ համաձայնագիր է կնքել VILLAGIO նախագիծն սկսելու մասին, որը հովտի չորս բնակելի թաղամասերից առաջինը կլինի:
SMART VALLEY ARMENIA-ն ստեղծվելու է որպես համաշխարհային կարգի նորարարական հովիտ, որն առաջադեմ տեխնոլոգիաներ ստեղծելու և զարգացնելու նպատակով ներդրողներին, նախագծերին և փորձագետներին համախմբում է պրոֆեսիոնալ համայնքի մեկ էկոհամակարգում, ինչպես նաև ստեղծում աշխատանքային և ապրելու համար հարմարավետ պայմաններ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:
Նշենք, որ VILLAGIO թաղամասը բաղկացած կլինի միջազգային հյուրանոցային ցանցի 4-5* կատեգորիայի հյուրանոցային համալիրից, որը կունենա 150 հյուրանոցային համար, 105 բնակարան, 33 թաունհաուս և 14 վիլլա, ինչպես նաև մանկական զարգացման կենտրոն, սուպերմարկետ, հացի փուռ, սրճարաններ, ռեստորաններ, քովորքինգի տարածք, դեղատուն, ֆիթնես ակումբ, սպա կենտրոն, բացօթյա լողավազաններ, թենիսի կորտեր, սպորտային դաշտեր և ամառային ամֆիթատրոն:
VILLAGIO ակումբային թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025 թ., իսկ Smart Valley Armenia նորարարական հովտի նախագծի իրականացման ընդհանուր ժամկետը, որը ներառում է գրասենյակային համալիրներ, կլաստերներ, լաբորատորիաներ, Արվեստի տուն, Գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը, նախատեսված է մինչև 2028թ.։