Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Արմավիր համայնքի Արմավիր և Սարդարապատ բնակավայրեր
15.03.2023
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելեցին Արմավիր քաղաքի թիվ 2 և Սարդարապատ բնակավայրերի մանկապարտեզներ` ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Մանկապարտեզների կապիտալ նորոգումը իրականացվում է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով:
Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 257 227 150 ՀՀ դրամ է: Ծրագիրն իրականացվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆիանսավորմամբ:
Նշենք, որ Արմավիր քաղաքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են նաև թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզ ՀՈԱԿ-ների ջեռուցման համակարգի կառուցում, գազաֆիկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում:
Թիվ 3 մանկապարտեզի ծրագրի ընդհանուր արժեքը 20 887 690 ՀՀ դրամ է, իսկ թիվ 7 մանկապարտեզի շինաշխատանքների ընդհանուր արժեքը՝ 28 266 870 ՀՀ դրամ է: Երկու ծրագրերի ֆինանսավորումը կատարվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆիանսավորմամբ:
Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման ծրագրի արժեքը 215 570 850 ՀՀ դրամ է (70% կառավարության, 30% համայնքի համաֆիանսավորմամբ)։
Ծրագրով նախատեսված է մանկապարտեզների սեյսմակայունության բարձրացում, շենքերի ամբողջական նորոգում, բակային հատվածների և խաղահրապարակների կառուցում, իսկ թիվ 2 պարտեզում` նոր գույքով ամբողջական համալրում:
Շինարարական կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները մարզպետին ներկայացրեցին շինարարական աշխատանքների ընթացքը` համաձայն օրացուցային գրաֆիկի, քննարկեցինք նաև նախագծերին առնչվող այլ հարցեր:
Մարզպետը Էդվարդ Հովհաննիսյանը հանձնարարեց՝ սահմանված ժամկետներում ավարտեն աշխատանքները, որպեսզի մանկապարտեզները հնարավորինս շուտ հանձնվեն շահագործման: