Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը
30.03.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի դատախազը, ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ծառայությունների ղեկավարները, մարզպետի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզի համայնքների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները:
Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ Էդվարդ Հովհաննիսյանը, ներկայացրեց մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը, որն իր մեջ ներառել է ըստ ոլորտների իրականացված աշխատանքները, գրանցված արդյունքները և նախատեսվող ծրագրերը:
Մարզխորհրդի նիստի օրակարգի երկրորդ հարցով զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, ով ներկայացրեց մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքները:
Օրակարգային երրորդ հարցի՝ ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին ելույթ ունեցան Արմավիրի, Շենիկի, Էջմիածնի ՋՕԸ-ի գործադիր տնօրեններ Վահագ Արշակյանը, Սամվել Սարգսյանը և Նվեր Պետրոսյանը։
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեներով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման և այդ ուղղությամբ համայնքապետարանների կողմից իրականացվելիք վարչարարության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը:
Անդրադարձ կատարվեց 2023 թվականի բյուջեների սեփական եկամուտների ձևավորման գործընթացին, ներկայացրեց 2023 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների համեմատականը 2022 թվականի համեմատ։ Աճի ցածր տոկոս ունեցած համայնքների ղեկավարներին առաջարկվեց վերանայել սեփական եկամուտների ձևավորման աղբյուրները տեղական բյուջեներում և ապահովել համապատասխան աճ:
Մարզի համայնքների 2022 թվականի սոցիալ–տնտեսական զարգացմանն ուղղված տեղական ծրագրերի կատարման և 2023 թվականի նախանշված ծրագրերի ընթացքի մասին զեկույցով հանդես եկան խոշորացված համայնքների ղեկավարները։
Անդրադարձ կատարվեց համայնքներում ընթացող սուբվենցիոն ծրագրերին, շինարարական աշխատանքների ընթացքին, հետագա աշխատանքների պլանավորմանը։
Օրակարգի հաջորդ հարցով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի 2023 թվականի փետրվարի 13–ի թիվ 68/3301–23 գրությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմ ուղարկված միջնորդագիրը։
Օրակարգի վերջին հարցով Հ Հ Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը հանդես եկավ հողօգտագործման և ընդերքօգտագործման բնագավառներում ՀՀ Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների, ինչպես նաև իրավապահ և ոլորտներում ներգրավված իրավասու մարմինների համագործակցության մասին զեկույցով։
Դատախազը, ամփոփելով ելույթը, շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին համագործակցության համար։
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ոլորտային պատասխանատուներին առաջարկեց լինել առավել հետևողական։
Մարզի խորհրդի նիստն ավարտվեց օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ և ընթացիկ հարցերի քննարկմամբ: