Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են
31.03.2023
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական հարցերի վերաբերյալ:
Խորհրդակցությանը ներկա էին մարզի խոշորացված համայնքների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում մասնակիցներին ներկայացվեց առաջիկա համատեղ անելիքները:
Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ Համահայկական 8-րդ խաղերին ընդառաջ պետք է ապահովել սերտ համագործակցությունը համայնքների միջև՝ նախապատրաստական աշխատանքներն հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով:
Մասնավորեպես՝ անհրաժեշտ է իրականացնել կարիքների գնահատում, աշխատանքներ տանել մարզային ենթակառուցվածքների արժանավայել տեսքի ապահովման, մարզիկների համար անհատականացված տարբերանշաններով հանդերձանքի ձեռքբերման, տրանսպորտային միջոցների հավաքագրման ուղղությամբ:
Սոնյա Բուդաղյանը հավելեց, որ առաջիկա երեքուկես ամսվա ընթացքում պետք է լրջորեն նախապատրաստվել, որ մեր մարզիկները լավագույնս հանդես գան Համահայկական 8-րդ խաղերի ժամանակ:
Նշենք, որ առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզպետի մոտ խորհրդակցություն անցկացնել համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ կազմակերպչական հարցեր քննարկելու նպատակով: