Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է համայնքների համար մշակված քաղաքաշինական փաստաթղթերը
13.04.2023
ՀՀ մարզերի և համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի հանրահռչակման նպատակով այսօր Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ տեղի ունեցավ քննարկում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության աշխատակիցների հետ։
Մարզպետարանում անցկացվող քննարկմանը մասնակցել են նաև մարզպետարանի համապատասխան ոլորտների ղեկավարները, համայնքապետարանների համապատասխան մասնագետները, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ գործակցության և նրանց կարիքների գնահատման արդյունքում մշակված փաստաթղթերն ինչ խնդիրներ են կարգավորում և ինչպես են նպաստում համայնքների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
Հիմնական նպատակն է ձևավորել առողջ, անվտանգ և արդյունավետ քաղաքաշինական միջավայր, որը գրավիչ կլինի ինչպես տեղաբնակների, այնպես էլ այցելուների համար: Տարածքների իրական ներուժի վրա հիմնված զարգացման հայեցակարգերի մշակումը թույլ կտա ստեղծել արդի ենթակառուցվածքներով բնակավայր՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը և խթանելով տարածքների կայուն, համաչափ զարգացումը: