Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում քննարկում է կազմակերպվել մարզում սպանդանոցների գործունեության թեմայով
18.04.2023
Այսօր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ քննարկում է կազմակերպվել սպանդանոցների գործունեության թեմայով։
Քննարկմանը մասնակցել են Ոստիկանության վարչության պետ Արթուր Բդոյանը, Արթուր Թովմասյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիտա Վարդանյանը, ոլորտի պատասխանատուներ, մարզում սպանդանոցային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներ։
Այս քննարկման նպատակն էր գնահատել մարզի սպանդանոցների գործունեության վիճակը, մորթի և մսամթերքի իրացման օրենսդրական նորմերի պահպանումը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիտա Վարդանյանը մարզպետին ներկայացրել է սպանդանոցների գործունեության ներկա վիճակը, առկա խնդիրները՝ նշելով, որ սպանդանոցները չեն իրականացնում իրենց գործունեությունը լիարժեք։
Հանդիպման ընթացքում մարզպետը թվարկել է բակային մորթի ռիսկերը և շեշտել, որ սպանդանոցներում մորթի կազմակերպումը նպատակ ունի սպառողներին մատակարարել որակյալ ու անվտանգ մսամթերք:
Պատասխանատու մարմիններին մարզետը հորդորել է ակտիվ համագործակցել ոստիկանության հետ, լինել հետևողական, վարչարարություն իրականացնել հնարավոր խախտումների դեպքում և լինել անզիջում՝ խիստ վերահսկողություն իրականացնելով ոլորտի նկատմամբ։
Հսկողությունը առավել քան խիստ պետք է լինի անասնաբույժ-փորձագետների գործունեության և հատկապես մսամթերքը ուղեկցող փաստաթղթերի օրինականության նկատմամբ: