Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում մեկնարկեց «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը
28.04.2023
Ապրիլի 28-ին Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցում տեղի ունեցավ «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի 2023 թվականի առաջին հանդիպումը: Ծրագրի շրջանակներում դպրոցի սաներին ներկայացվեցին «Ազգային էպոս» և «Հայկական իմպրեսիոնիզմ» ինտերակտիվ–կրթական ծրագրերը, որոնց մասնակցեցին 8-10 և 10-14 տարեկան 60 աշակերտներ:
Ոստիկանական հատուկ ազդանշանային համակարգով մեքենաների ուղեկցությամբ Ազգային պատկերասրահի գլուխգործոցները, հատուկ արկղերում փաթեթավորված, ժամանեցին դպրոց, որտեղ արդեն իսկ նրանց մեծ ոգևորությամբ սպասում էին կրթօջախի սաները:
Կրթամշակութային ծրագրի շրջանակներում 8-10 տարեկան երեխաները ծանոթացան Հակոբ Կոջոյանի և Երվանդ Քոչարի «Սասնա Ծռեր» էպոսին նվիրված գրաֆիկական աշխատանքներին: Ծրագրի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին էպոսը, զրուցեցին վերջինիս ճյուղերի մասին, ընթերցեցին հատվածներ համանուն գրքից:
Ծրագրի վերջնամասում խմբերի բաժանված թիմերը հավաքեցին Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործության խճանկարի վերածված տարբերակը:
«Հայկական իմպրեսիոնիզմ» ծրագրի ընթացքում 10-14 տարեկան մասնակիցները ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահում մինչ օրս հաջողությամբ ընթացող «Հայկական Իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսին: Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի, Վ. Գայֆեճյանի, Ս. Առաքելյանի ու անվանի այլ հայ արվեստագետների ստեղծագործությունների ներկայացմամբ և մասնակի վերլուծությամբ ծանոթացան կերպարվեստի ժանրերին, տեխնիկային, ֆրանսիական իմպրեսիոնիզմին և վերջինիս հայ նկարիչների գեղանկարչական անդրադարձներին: Ծրագրի վերջում երեխաները նկարեցին իրենց նախընտրելի ժանրի և թեմայի որևէ պատկեր:
Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան փոքրիկ հուշանվերներ` պատկերասրահի գլուխգործոցների վերատպություններ, ինչպես նաև վերջիններիս պատկերներով բացիկներ:
Նշենք, որ ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, ինչը, միանշանակ, նպաստում է առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը: