Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի Առատաշեն բնակավայրի խաղողի ինտենսիվ այգիներն ու հյուրատունը նոր շունչ են հաղորդել համայնքին
03.05.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում գործող Aratashen Winery հյուրատուն։
Հյուրատան սեփականատեր Վահան Եղոյանի ուղեկցությամբ շրջայց կատարելով տարածքում և խաղողի նորաստեղծ այգիներում՝ մարզպետը ծանոթացավ հյուրատան տարածքում իրականացված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցության ներդրումային ծրագրերով կատարված ներդումներին։
Սեփականատերը ներկայացրեց, որ Aratashen Winery ընտանեկան գինեգործական տնտեսությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր հողատարածքը զբաղեցնում է մոտավորապես 15 հա տարածք, որից 8 հեկտարն արդեն հիմնված խաղողի այգիներ են, իսկ մնացածը կտնկվեն այս և հաջորդ տարի: Խաղողի տեսակներից ընտրվել են էնդեմիկ հայկական արենի և ոսկեհատ տեսակները՝ 70 և 30 հարաբերակցությամբ:
Նաև հավաքում են սեղանի խաղողի հայկական տեսակներ, որոնք նախատեսված չեն լինելու սպառման համար: Դրանք ունենալու են պահպանողական, ճանաչողական և հանրայնացման նպատակ։
Այգիներում ներդրված են ինտենսիվ այգիների բոլոր առավելությունները՝ կաթիլային ոռոգման, արևային էներգիայի համակարգերը, էկո գյուղատնտեսության առաջավոր փորձն ու հմտությունները։
Ընդհանուր նախագծի ստեղծման համար կատարվել է հինգ հարյուր միլիոն դրամի ներդրում, և արդեն պատրաստ են բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում արտադրամաս, պահեստային և ծառայողական տարածքներ, համտեսի սրահ և խաղողի այգին։
Օգտվել են պետական լիզինգային ծրագրերից՝ զրոյական տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով։
Ձեռք են բերել տրակտոր և անհրաժեշտ գյուղատնտեսական սարքավորումներ՝ ընդհանուր յոթանասուն միլիոն դրամ արժողությամբ։ Օգտվել են նաև այգին հիմնելու պետական ծրագրից՝ ստանալով երեսուն միլիոն դրամ ֆինանսավորում, կրկին յոթ տարի ժամկետով, զրոյական տոկոսադրույքով։
Առաջին փուլում ձեռք բերված գինու արտադրության համար նախատեսված սարքավորումները 30 000 շիշ արտադրանքի հզորությամբ են։
Այս տարի կունենան առաջին բերքը, որից ստացված արտադրանքը պատրաստ կլինի 2024 թվականի գարնանը։ Արտադրանքի մի մասը նախատեսվում է սպառել Հայաստանում, իսկ արդեն հետագայում՝ սարքավորումների հզորացման շնորհիվ, նախատեսվում է զգալիորեն ընդլայնել արտադրանքի ծավալները։
Տվյալ պահին ունեն 12 աշխատակցից բաղկացած անձնակազմ, ովքեր Առատաշենի կամ հարակից գյուղերի բնակիչներ են։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ կատարված աշխատանքն ու ներդրումները ոչ միայն կնպաստի Արմավիրի մարզում գինու տուրիզմի զարգացմանը, այլև կբարձրացնի Առատաշեն համայնքի ճանաչելիությունը և տնտեսական ակտիվություն կհաղորդի: Նա նաև ընդգծեց, որ գյուղական համայնքում աշխատատեղերի ստեղծումը դրական կանդրադառնան բնակիչների կենսամակարդակի վրա և վստահ է, որ տարածքը դառնալու է ինքնատիպ, մշակութային զբոսաշրջային համալիր, որտեղ այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ գինեգործության ավանդույթներին։
Օրն ամփոփվեց մարզպետի կողմից իրականացված խաղողի վազի տնկումով։