Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունել է 2023 թվականի ապրիլին Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած արմավիրցի մարզիկներին և նրանց մարզիչներին
05.05.2023
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է մարզի 2023 թվականի ապրիլին Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին։
Ողջունելով ու հաղթանակի առթիվ շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին՝ մարզպետը նշեց, որ վերջին շրջանում մեծ ոգևորություն է նկատում մարզում սպորտային տարբեր մրցասպարեզներում:
«Հպարտությամբ հետևել եմ առաջնությանն ու ոգևորությամբ տոնել յուրաքանչյուրիդ հաղթանակը: Արմավիրի մարզում ձեր շնորհիվ նոր շունչ է առել սպորտային կյանքը և ձեր օրինակը վարակիչ է մեր երեխաների շրջանում:
Հատկապես ոգևորող է պետության որդեգրած քաղաքականությունը սպորտի բնագավառում, որով տարբեր մրցաշարերում հաղթանակած մարզիկների անուններով մարզում կամ մարզիկների բնակավայրում մարզադպրոցներ են կառուցվելու: Ջրառատ բնակավայրում շուտով կավարտվի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները, որը էլ ավելի կոգևորի ոչ միայն մարզադպրոցի անվանակիր մարզիկին, այլև մյուսների համար կդառնա հաղթանակի կարևոր նշաձող»,-իր խոսքում նշել է մարզպետը։
Մարզիչներն ու մարզիկներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար և հավաստիացրեցին, որ առկա ձեռքբերումներով չեն սահմանափակվելու և շարունակելու են էլ ավելի մեծ պատասխանատվությամբ պատրաստվել առաջիկա առաջնություններին:
Մարզպետը հանդիպման վերջում պատվոգրեր հանձնեց Սիմոն Մարտիրոսյանին (2023 թվականի ապրիլ ամսին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր) և մարզիչ Աշոտ Փիլոսյանին, Դավիթ Հովհաննիսյանին (2023 թվականի ապրիլ ամսին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր), մարզիչ Ռուսլան Խուդանյանին, Անդրանիկ Կարապետյանին (2023 թվականի ապրիլ ամսին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր) և մարզիչ Արթուր Կարապետյանին, Հրաչյա Պողոսյանին (2023 թվականի ապրիլ ամսին Զագրեբում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր) և մարզիչ Վարդանես Թադևոսյանին:















