Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով
09.05.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, հայրենական պատերազմի հարգելի՛ վետերաններ և արցախյան ազատամարտի մասնակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այսօր տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Իսկ այդ հաղթանակում իր մեծ դերակատարումն է ունեցել հայն ու հայ զինվորը: Անկասկած, մեր ժողովրդի բազմադարյա պատմության հերոսական դրվագների ոգեկոչման, ռազմարվեստում ձևավորված փառավոր ավանդույթների և ոգու ամրության վրա են խարսխված նաև մեր հաղթանակները, որոնց վառ վկայություններից են 1990-1994թթ. Ադրբեջանի զինված ագրեսիայից մեր երկրի սահմանների պաշտպանությունը, արցախյան ազատամարտի շատ ու շատ սխրալից էջեր:
Այդպիսի հերոսական էջերով է հարուստ հայ ժողովրդի պատմությունը Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից սկսած, երբ ի պաշտպանություն հայրենիքի` այլ ժողովուրդների հետ համատեղ մեր ժողովուրդը ևս կրեց պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունը: Մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի արժանավոր զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների` մարշալների, ադմիրալների, գեներալների անձնվիրության ու սխրագործության շնորհիվ:
Ճիշտ է, այսօր բոլորիս հոգում խորը ցավ և ափսոսանք կա վերջին շրջանում հայ ժողովրդի դեմ պատուհասած պատերազմից, բայց այն չպետք է կաշկանդի մեզ սթափ դատելու և արդարացիորեն դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։
ՄԵնք պարտավոր ենք գնահատանքի ու երախտագիտության զգացումով գլուխ խոնարհել հայ քաջորդիների հիշատակի առջև, ովքեր Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի տարիներին զոհաբերեցին իրենց կյանքը ` հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի վերահաստատման:
Կրկին շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ: Ձեր սխրանքի շնորհիվ ձեռք բերված մեր փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում: