Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներին
19.05.2023
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիր համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներին:
Մարզպետը նախ Արմավիր քաղաքի Շահումյան և Սահմանապահների փողոցներում ծանոթացավ 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող խմելու ջրի ջրագծերի կապիտալ նորոգման աշխատանքներին, որի ավարտին կրկին պետական համաֆինանսավորման ծրագրով կիրականացվեն փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացնում է «ՎԱԼ+ԱԼ» ՍՊԸ և «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումը:
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մարզպետին ներկայացրեց ընթացող շինարարական աշխատանքները, ակնկալվող արդյունքները:
Էդվարդ Հովհաննիսյանը ոլորտային պատասխանատուներին և շինարարական կազմակերպությանը հորդորեց աշխատանքաներն իրականացնել բարձր որակով և համապատասխան շինարարական նյութերով՝ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:
Մարզպետի հաջորդ կանգառը Արմավիր համայնքի Արաքս բնակավայրն էր,որտեղ 2022թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվում է մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 279.930.416 ՀՀ դրամ (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ)։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էլիտ Հիլզ» ՍՊԸ-ն։
Նախատեսվում է հիմնանորոգել չգործող մանկապարտեզի շենքը` իրականացնելով սեյսմազինվածության ուժեղացում, տանիքի ապամոնտաժում և նորի կառուցում, ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անցկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում, ինչպես նաև ներքին հարդարման այլ աշխատանքներ։
Հիմնանորոգման արդյունքում Արաքս գյուղի երեխաները (120 սան) կունենան հնարավորություն հաճախելու մանկապարտեզ իրենց գյուղում։
2023թ․ սուբվենցիոն ծրագրով էլ իրականացվելու է մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերումը:
Այգեվան բնակավայրում Էդվարդ Հովհաննիսյանն ծանոթացավ Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող «Մոդուլային» 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 800 մլն դրամ է։
Շինարարական կազմակերպությունը «ՇԻՆ» ՍՊԸ է։
Աշխատանքները սկսվել են 2022թ–ի նոյեմբերին և ավարտը կանխատեսվում է 2023թ. դեկտեմբերը։
Նշենք, որ Արմավիրի մարզում քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվելու է նաև Լենուղու, Նորավանի, Փշատավանի, Գետաշենի մոդուլային մանկապարտեզների կառուցումը, որն իր մեջ ներառելու է տարածքների բարեկարգումը և մանկապարտեզների ամբողջական կահավորորումը, խաղահրապարակների կառուցումը՝ նախատեսված 144 երեխայի համար:
Արևիկ բնակավայրի մոդուլային մանկապարտեզի կառուցումն այս պահին ավարտական փուլում է, և առաջիկայում կհանձնվի շահագործման:
Աշխատանքային այցի վերջում մարզպետը հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին, որ լինեն հետևողական և սահմանված ժամկետներում ծրագրերն ավարտին հասցնեն՝ միաժամանակ ապահովելով աշխատանքների բարձր որակը: