Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծամորը պաշտոնապես հռչակվեց Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք
19.05.2023
Մեծամորի Մշակույթի տանը մայիսի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, պատգամավոր Թագուհի Ղազարյանը, համայնքների ղեկավարները, Մեծամորի երիտասարդներն ու բնակիչներ։
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին հանձնեցին խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թ․ երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը:
Մարզպետը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մեծամորցիներին։
«Այս ծրագիրը ինքնադրսևորվելու, ակտիվ լինելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ է տալու մեր երիտասարդներին, նպաստելու է քաղաքների միջև սերտ կապերի, երիտասարդական նախաձեռնությունների և երիտասարդական քաղաքականության ոլորտում բարեխիղճ և գործընկերային հարաբերությունների զարգացմանը։
Այսօր բոլորս ունենք մեկ երազանք․ Հայաստանի բոլոր քաղաքներում, բնակավայրերում ստեղծել երիտասարդության համար այնպիսի պայմաններ, որ մեր երիտասարդներն ապրեն լիարժեք մշակութային կյանքով, որ մարզերում շատ լինեն կրթական տարաբնույթ ծրագրերն ու այլ ծառայությունները:
Վստահ եմ, որ մեր երիտասարդները պատվով են իրականացնելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները, իսկ մենք, մշտապես մեր երիտասարդների կողքին կանգնած լինելով, աջակցելու ենք»,- նշեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։