Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում՝ Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակում
22.05.2023
2023 թվականի մայիսի 19-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ քննարկում՝ Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակում: Քննարկմանը ներկա էին մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտի պատասխանատուներ, շահագրգիռ կազմակերպություններ և այլն։
ՀՕՖ-ի Տնտեսական ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագիրը, դրա հնարավորությունները՝ նշելով, որ առաջիկայում տարաբնույթ դասընթացներ են կազմակերպվելու մարզում՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջներն ու կարիքները։
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և կոնսորցիումի գործընկերների կողմից, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Սիվիտտա Հայաստանի կողմից:
Առաջիկա երեք տարիների ընթացքում ծագիրը նպատակ ունի Արմավիրի մարզում բնակվող 15-29 տարեկան երիտասարդների զինել աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններով և ապահովել ավելի լավ աշխատանքային հնարավորություններ:
Ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին և կանանց հնարավորություն ընձեռել կատարելագործելու աշխատաշուկայի կարիքներին համապատասխան հմտությունները` ՏՏ/բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում աշխատանք գտնելու համար:
Ծրագիրը, գործընթացի մասնակից դարձնելով մասնավոր հատվածը, Հայաստանի պետական և կրթական հաստատությունները՝ հակազդելով հասարակության կարծրատիպերին ու վերափոխելով քաղաքականության կարգավորման միջավայրը, հնարավորություն կընձեռի երիտասարդներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվորեն ներգրավվել աշխատաշուկայում:
Ծրագրի երեք հիմնական նպատակներն ուղղված են՝
Նվազեցնել աշխատուժի հմտությունների և գործատուների կարիքների միջև եղած բացը:
Փոխել հասարակության ընկալումները՝ աջակցելու մասնակցային հիմունքով արդյունավետ աշխատաշուկայի կայացմանը:
Բարելավել աշխատաշուկայի գործունեության միջավայրը:
Քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում կազմակերպիչների կողմից պարզաբանվեցին մի շարք հարցեր: