Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները
22.05.2023
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ անգամ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 19-20-ն անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:
Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզի Արենու միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը:
Արմավիրի մարզի Ջրառատի միջնակարգ դպրոցի թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո անցկացվող մրցաշարերի շրջանում նախնական նպատակին և ոգուն ամենաշատը համապատասխանում է հենց դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ակտիվ մասնակցության համար և շնորհավորում եմ գրանցած արդյունքների համար: Մրցաշարի թե՛ առաջինը և թե՛ վերջինը եզրագիծը հատած մասնակիցները նույն ոգևորությամբ էին մրցում, որը ամենակարևորն է: Մեր նպատակը դպրոցներում թիմային պայքարի ոգևորումն է, այդ գործում ընդգծելով նաև անհատական պատասխանատվության զգացումը: Տեսնում ենք, որ այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»:
Մրցաշարի շրջանակում Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քայլերթ և իրազեկող արշավ՝ առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվ կյանքի, օգտակար սովորությունների անհրաժեշտությունն ու առավելությունները ամբողջ կյանքի համար։
Բուն մրցման նախորդ օրը՝ մայիսի 19-ին, կազմակերպվել էր ճամբար:
Մրցավարները և մասնակիցները հանգրվանել են Պարզ լճի տարածքում, շփվել միմյանց հետ ու ծանոթացել վազքուղուն։ Անցկացվել են նաև մշակութային և ժամանցային միջոցառումներ:
Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:
Մրցաշարի արդյունքներով առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար: