Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել Անաստաս Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ ջոկատի կազմավորման և Սահմանապահների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
26.05.2023
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Անաստաս Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ ջոկատի կազմավորման 99-րդ ամյակի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել տոնական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա էին սահմանապահ վարչության և զորամասի հրամանատարական կազմը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, վետերաններ և այլոք:
Զորամասի տարածքում անվանական ծառատունկից և Արմավիրի սահմանապահ ջոկատի հերոսների հուշասյանը ծաղիկներ խոնարհելուց հետո մարզպետը մասնակցեց ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում տոնական օրերին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա առթիվ՝ նա նշել է. «Արմավիրի մարզի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ այս հիշարժան օրվա առթիվ:
Հարգելի՛ սահմանապահներ, յուրաքանչյուր ժողովուրդ առանձնահատուկ է վերաբերվում իր սահմանապահ զորքին: Դուք, իրապես, վաստակել եք այդ հարգանքն ու գնահատականը շուրջ մեկդարյա Ձեր հարուստ պատմությամբ և հերոսական բազմաթիվ դրվագներով:
Հարգելի՛ գործընկերներ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել նաև Ռուսաստանի Դաշնության Սահմանապահների օրվա 105-րդ ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք և խաղաղ արարում՝ ի շահ մեր պետությունների հզորացման ու անվտանգության գերակայության»: