Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ«Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը
28.05.2023
Ս․թ․ մայիսի 27-28-ին Երևանի խաչքարերի պուրակում կայացավ մարզային ամենամասշտաբային «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի ընթացքում յուրաքանչյուր մարզ ներկայացել է իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մարզի զբոսաշրջային հնարավորություններին։ Բացի մարզային տաղավարներից, ներկայացվել է Հայաստանի արկածային հնարավորությունները ներկայացնող տաղավարներ՝ մոտոցիկլետներով, պարապլաններով, օդապարիկներով և այլն։
Գաստրո հատվածում պրոֆեսիոնալ խոհարարը մարզային ներկայացուցչի հետ համատեղ պատրաստել են յուրաքանչյուր մարզին բնորոշ խոհանոցի ուտեստներ։ Յուրաքանչյուր մարզ ներկայացրել է փորձառություններ՝ կավագործություն, տիկնիկագործություն և այլն, ինչպես նաև յուրաքանչյուր մարզ հանդես է եկել 1 ժամ տևողությամբ մշակութային համարով՝ պար, երգ, բեմականացում և այլն։
Արմավիրի մարզը միջոցառմանը ներկայացել էր «Արևահամ Արմավիր» տաղավարով, որտեղ ներկայացվել են մարզի խոշորացված համայնքների բարիքներն ու մշակութային առանձնահատկությունները։ Տաղավարում ներկայացված էին ոչ միայնն Արմավիրի բերքն ու բարիքը, արևահամ մրգերից պատրաստված չրերը, այլև արվեստի և արհեստի տարբեր ճյուղերը։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել միջոցառմանը, զրուցել մարզային ներկայացուցիչների հետ և շրջել տաղավարներով։
Նշենք, որ «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը Զբոսաշրջության կոմիտեի կողմից 2-րդ անգամ է կազմակերպվում։ Առաջին անգամ անց է կացվել 2021թ․ մայիսի 27-28-ին Խաչքարերի պուրակում։ Միջոցառումը նպատակ ունի դառնալու ամենամյա՝ խթանելով զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզեր և բացահայտելու մարզային հնարավորությունները նորովի։