Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Խորոնք բնակավայրում տեղադրված հուշակոթողի բացմանը
20.06.2023
Հունիսի 20-ին Արաքս համայնքի Խորոնք բնակավայրում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների հիշատակը հավերժացնող հուշակողթողի բացմանը:
Հուշ-ցերեկույթը սկսվեց հոգեհանգստյան կարգով, որը մատուցեցին Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն, ողջունելով ներկաներին, իր խոնարհումն ու անվերապահ աջակցությունը հայտնեց հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողներին և հարազատներին:
«Սիրելի՛ ծնողներ, բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ նման հերոսներ մեծացնելու և մայր հողին տալու համար: Բոլորս պետք է ընդունենք մի բան, որ այս տղերքը գիտակցել են՝ ինչ են անում, պայքարել են անձնվիրաբար՝ մինչև վերջին շունչը մարտնչելով մեր այսօրվա խաղաղ օրվա համար: Եվ մենք այս մեծ ցավը ոչ թե ողբերգությամբ պետք է ընդունենք, այլ հպարտությամբ»,- իր խոսքում նշեց մարզպետը:
Շնորհակալական խոսքեր հնչեցրին նաև անմահացած հերոսների ծնողները՝ շեշտելով, որ իրենց որդիները զոհվել են հանուն հայրենիքի, որը բոլորիս համար պետք է բարձրագույն արժեք լինի, ու որի համար այսօր ապրում ենք մենք և որի համար այսօր էլ պատրաստ ենք նահատակվել: