Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝​ մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ

23.06.2023

2023 թ. հունիսի 23-ին Արմավիրի ​ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը​ Արմավիրի ​ մարզպետի աշխատակազմի վարչական շենքի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Սարդարյան Ստալը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Հ Հ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը, ոլորտային պատասխանատուներ:​

Քննարկվեցին 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր:

Խոսելով դպրոցների կառավարման նոր համակարգի մասին՝ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, դպրոցները կառավարվելու են կրթական​ և​ վարչական գործառույթներով։

​ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ վարչական​ կառավարումը՝ համակարգող տնօրենին։ Վարչական​ կառավարման մեջ ներառվում է հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Այնուհետ​ նախարարի տեղակալն անդրադարձավ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերի​ մշակմանն ու​ բովանդակությանը, դրանց իրագործելի լինելուն։

Ընդգծվեց, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները պետք է ներկայացնեն դպրոցի զարգացման իրենց ծրագիրը, որը պետք է հաստատվի` մասնագիտական փորձաքննությամբ: Արաքսիա Սվաջյանը կարևորել է ներկայացվող զարգացման ծրագրերի բովանդակությունը` շեշտելով, որ դրանք պետք է իրագործելի լինեն: Նա նաև հորդորել է` տնօրենների հավակնորդները պետք է բացառեն զարգացման ծրագրի արտագրություններից:

​ Նախարարի տեղակալը​ հանդիպման ընթացքում անդրադարձավ ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների ատեստավորմանը.

«Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար»,- նշեց Արաքսիա Սվաջյանը:

Խոսվեց «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի,​ դպրոցներում իրականացվող բարեգործական ծրագրերի հասցեականության, կրթահամալիների հիմնման և դրանց արդյունավետության մասին ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին վերաբերող հարցեր: Նոր կարգը կիրառվելու է 2023 թվականի սեպտեմբերից: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը տնօրեններին հորդորել է հետևել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին՝ e-draft.am հարթակին, որտեղ ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման է ներկայացվում բազմաթիվ նախագծեր և տալ դրանց վերաբերյալ առաջարկներ:

Նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին տնօրենների կողմից բարձրացված հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:15:53