Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց 2023 թվականի ամառային զորակոչը
27.06.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման արարողությանը։
Հանդիսավոր Արարողությանը ներկա են եղել նաև մարզի ուժային կառույցների ղեկավարները, համայնքապետերն ու նորակոչիկների հարազատները:
Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները մարզպետի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի հուշահամալիրում: Այնուհետև ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց և նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ասելով. «Սիրելի՛ նորակոչիկներ, որքան պարտավորեցնող, նույնքան պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում և վստահ եմ, որ յուրաքանչյուրդ հային բնորոշ պատվախնդրությամբ Հայոց բանակի շարքերը համալրելու եք մեկ կարևոր գիտակցումով՝ հայրենասիրությամբ ու հայ տղամարդուն արժանի կամքով, հայրենի տունն ու ընտանիքի պատիվը պաշտպանելու, ազատ ապրելու ոգով: Ցանկանում եմ, որ ձեր ծառայության ընթացքում ձեր վրա դրված պարտականություններն իրականացնեք անվերապահորեն, հետևե՛ք հրամանատարների հրամաններին, լինե՛ք զգոն, ծառայակից ընկերների նկատմամբ՝ ուշադիր և հոգատար:
Մաղթում եմ, որ ձեր ծառայությունն անցնի առանց փորձությունների, ու առողջ վերադառնաք ձեր օջախները»:
Օրվա կապակցությամբ Տերունական աղոթք հնչեցրեց և նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց ԶՈՒ գնդերեց Տեր Արիս քահանա Խաչատրյան՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:
Վերջում նորակոչիկներին ՀՀ Արմավիրի մարզպետ Է. Հովհաննիսյանի և համայնքների ղեկավարների կողմից նվերներ հանձնեցին, որից հետո հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո, բարձր տրամադրությամբ նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ՝ ստանձնելով հայրենիքի պաշտպանի դերը: