Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրցի Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշի և ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
03.07.2023
Իսպանիայում ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում:
Մեր 92 կգ քաշային ըմբիշ Կնյազ Իբոյանը եզրափակիչ մարտում կամային հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի նկատմամբ` 3:2: Մեր մարզիկը սկզբում զիջում էր 0:2 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին կարողացել է հնարք կատարել և հավասարեցնել հաշիվը: Թուրք ըմբիշը համառ պայքար է տարել Իբոյանի դեմ՝ փորձելով միավոր կորզել, սակայն դա արել է մրցամարտի կանոնների խախտումով: Արդյունքում, մրցավարները ևս մեկ միավոր են շնորհել Կնյազ Իբոյանին:
Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում:
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար գոտեմարտել է 60 կգ քաշային արմավիրցի Սուրեն Աղաջանյանը: Նա ուժերը չափել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ և 1:6 հաշվով ցավալի պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դանիլ Բիտկային, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով ուժեղ էր գտնվել Լեհաստանի ներկայացուցչից:
Արմավիրցի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 5-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագաևի նկատմամբ:
Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8-ում 8:0 հաշվով հաղթել էր չեխ ըմբիշին, քառորդ եզրափակչում 7:1 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:3 հաշվով զիջել էր թուրք ըմբիշին:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և նրանց մարզիչներն՝ տպավորիչ հաղթանակների և Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: