Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Առատաշեն բնակավայում կազմակերպված «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի երեկույթին
14.07.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի երեկույթին, որը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 13-ին մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում գործող Aratashen Winery գիներանի տարածքում:
Այս տարի կինոփառատոնը հատկանշական էր ոչ միայն նրանով, որ 20-րդ հոբելյանականն է, այլև այս տարի նշվում է նաև հայ կինոյի 100-ամյակը։
Երեկոյին ներկա էին կինոփառատոնի ժյուրիի անդամները, Լավ Դիասը, Բերնդ Բուդերը, Իննա Սահակյանը, Ռաեդ Ֆարիդզադեն, Կլեր Սիմոնը, Մայքլ Գյուրջյանը և մի շարք այլ անվանի գործիչներ։
Aratashen Winery-ում կազմակերպվող միջոցառման ընթացքում կինոփառատոնի մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն ունեցան անկաշկանդ միջավայրում շփվելու, տպավորություններով կիսվելու:
Մարզպետը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Հանրապետությունում ավանդաբար անցկացվող կինոտոնի առթիվ:
«Ուրախ եմ, որ այս փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներից մեկն էլ հյուրընկալել ենք Արմավիրի մարզի Առատաշենի գիներանում, որտեղ սեփականատերեր Վահան և Մելանյա Եղոյանների շնորհիվ մշակույթ է ձևավորվում և զարգանում է նաև տուրիզմը:
Շնորհավորում եմ բոլորիդ և կինոինդուստրիայի աշխատակիցներին, հայ և համաշխարհային կինոարվեստը արժևորող բոլոր մարդկանց:
Վստահ եմ, որ ավանդաբար անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեծ հնարավորություններ կստեղծի մեր երկրում հայ կինոյի հետագա զարգացման ու բարգավաճման համար: Այսօր մեր կողքին ապրում և ստեղծագործում են տաղանդաշատ բազմաթիվ կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, դերասաններ ու ոլորտի այլ մասնագետներ, ում նկարահանած ֆիլմերը նվաճում են աշխարհը և մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների և արժանանում մրցանակների»,-իր խոսքում նշեց Էդվարդ Հովհաննիսյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանը ողջունելով մարզպետին և Aratashen Winery-ի սեփականատեր Վահան Եղոյանին՝ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար՝ նշելով, որ այսուհետ ավանդաբար փառատոնի կարևոր մրցանակներից մեկը կհանձնվի հենց Արմավիրի մարզում:
Երեկոյի ընթացքում կինոյում ունեցած մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհեց աշխարհահռչակ ռեժիսոր Մայքլ Գյուրջյանին: