Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Արմավիրի Ֆուտզալի 2023 թվականի մարզային առաջնության եզրափակիչ խաղը

21.07.2023

Այսօր տեղի ունեցավ Արմավիրի Ֆուտզալի 2023 թվականի մարզային առաջնության եզրափակիչ խաղը

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Արմավիրի թիվ մեկ մարզադպրոցում ներկա է գտնվել Արմավիրի ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ խաղին։

Հանդիպմանը ներկա էին մարզի ուժային կառույցների ղեկավարները, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային նշանակության այլ կառույցների աշխատակիցները, ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ։

Շուրջ մեկ ամիս տևած գերլարված ֆուտբոլային խաղերի արդյունքում եզրափակիչ փուլ անցած ՀԱԷԿ-ի և ՌԴ սահմանապահ վարչության Արմավիրի N 2037 զորամասի թիմերը աննախադեպ խաղ ցուցադրեցին։

Հանդիպման սկզբնամասում հաշվի մեջ առաջ անցավ ռուսական զորամասը։ Բաց թողած գնդակից հետո ՀԱէԿ-ի ֆուբոլիստները հնարավորությունը բաց չէին թողնում գրոհելու, սակայն ռուսական զորամասի ֆուտբոլիստներն ակտիվ էին և հստակ հակագրոհում էին: Առաջին խաղակեսի լրացուցիչ րոպեների ընթացքում ՀԱԷԿ-ը հավասարեցրեց հանդիպման հաշվիը՝ 1։1:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել առավել խոցելի օղակները: Երկուստեք բազմաթիվ գոլային պահեր ստեղծելուց և համառ պայքարից հետո ի վերջո ՀԱԷԿ-ը առաջ անցավ հաշվի մեջ և խաղն ավարտվեց 4:3 հաշվով՝ ՀԱԷԿ-ի հաղթանակով։

Երրորդ տեղը զբաղեցրեց դատախազության թիմը։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին և մասնակից թիմերին, նշեց, որ Արմավիրի ֆուտզալի 2023 թ․ առաջնությունը ստացված է համարում։

«Մարզում այս օրերի ընթացքում տիրում էր ֆուտբոլային տրամադրություն։ Այս տարվա առաջնությունը կարևոր էր նրանով, որ ընդգրկվեցին պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային նշանակության բոլոր այն կառույցները, որոնք ցանկություն հայտնեցին միանալ առաջնությանը։ Սա նախ և առաջ հնարավորություն տվեց էլ ավելի լավ ճանաչել և շփվել միմյանց հետ, հետո մեծացնել մասնակիցների շրջանակը։
Կարևոր էր նաև այն, որ այս խաղերին ներգրավված էին նաև ղեկավար կազմը՝ մասնավորապես ռուսական զորամասի հրամանատար Դենիս Կամարովը և Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն իրենց խաղով ոգևորեցին և առավել հիշարժան դարձրեցին խաղերը։ Նրանց մասնակցությունը նաև լուրջ հոգեբանական աջակցություն էր իրենց թիմերին։
Չեմ կարող չառանձնացնել ՀԱԷԿ-ի պրոֆեսիոնալ խաղը, որով իսկապես տպավորված եմ։ Արժանի հաղթանակ է, որի համար ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս։ Նմանատիպ նախաձեռնություններով մենք մարզում կխթանենք մասսայական սպորտի տարածումը»։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին, մարզադպրոցի տնօրենին և բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արել են, որ այս առաջնությունը մարզում կայանա բարձր մակարդակով։

Հանդիպման ավարտին Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալագրեր հանձնեց մրցավարական կազմին, մարզադպրոցի տնօրենին։

Տպավորիչ խաղերի արդյունքում մարզպետի կողմից լրացուցիչ մրցանակներ շնորհվեցին ՀԱԷԿ-ի դարպասապահ Հայկ Ղազարյանին՝ որպես առաջնության լավագույն դարպասապահ, և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ մրցանակը շնորհվեց Արմավիրի մարզի դատախազության թիմի առաջատար, մարզի դատախազ Վահան Սարգսյանին։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր զբաղեցրած ֆուտբոլիստներին հանձեց մեդալներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած ՀԱԷԿ-ի թիմին հանձնեց գավաթը։

Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև մարզի  դատախազ Վ․ Սարգսյանը և ռուսական զորամասի հրամանատար Դենիս Կամարովը՝ շեշտելով, որ առաջնությունը աննախադեպ էր և շատ ոգևորիչ, և հույս ունեն, որ այն կլինի շարունակական։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:47:55