Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Հայկավան, Նոր Արտագերս, Նալբանդյան բնակավայրերում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
26.07.2023
Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Հայկավան, Նոր Արտագերս, Նալբանդյան բնակավայրեր` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով կառուցվող խմելու ջրամատակարարման ցանցերի շինարարական աշխատանքների ընթացքին։
Համայնքապետ Վահրամ Խաչատրյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելեց Հայկավան բնակավայր։
Մարզպետին ներկայացվեց կատարված աշխատանքների ընթացքը, աշխատանքի ծավալները և ժամկետները։
Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 127․827․594 ՀՀ դրամ է (60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ)։
Բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի խողովակների երկարությունը 10000 գծամետր է, իսկ ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 300։
Նշենք, որ հիմնանորոգվելու է Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածը՝ 2500 գծամետր։
Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 224․900․000 ՀՀ դրամ (35% կառավարության, 65% համայնքի համաֆիանսավորմամբ)։ Շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, քանի որ ընթացքի մեջ է ջրագծերի նորով փոխարինումը։
Հայկավան բնակավայրում կառուցվելու է նաև մանկապարտեզ՝ հարակից տարածքի բարեկարգումով։
Մարզպետի հաջորդ կանգառը Նոր Արտագերս բնակավայրն էր։ Այստեղ խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ենթածրագիր պայմանագրային արժեքը 75․690․000 ՀՀ դրամ է, (60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ)։
Բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի խողովակների երկարությունը 10000 գծամետր է, իսկ ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 290։
Ընթացքի մեջ է Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգումը։
Նալբանդյան բնակավայրում ենթածրագրի պայմանագրային արժեքը 251․400․000 ՀՀ դրամ է (60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ)։
Բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի խողովակների երկարությունը 30000 գծամետր է, իսկ ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 820։
Յուրաքանչյուր բնակավայրում մարզպետը հանդիպեց բնակիչներին, զրուցեց նրանց հետ, լսեց բնակչության բարձրաձայնած խնդիրները։
Բնակիչները ոգևորված էին բնակավայրերում տեղի ունեցող փոփոխություններից և ամենուր տիրող ակտիվ շինարարական գործընթացներից։
Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այս սուբվենցիոն ծրագիրն աննախադեպ է իր ծավալով և արժեքով։
Այս ծրագրով կառուցվելու է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ, Ամասիա, Արգավանդ, Արևիկ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Փշատավան, Տարոնիկ և Մրգաշատ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերը, որով էլ ամբողջությամբ լուծվելու է Մեծամոր խոշորացված համայնքի խմելու ջրի խնդիրը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 2․582․609․568 ՀՀ դրամ է, որն իրականացվելու է 60% կառավարության և 40% համայնքի համաֆիանսավորմամբ։
Կառուցվելու է 207․200 գծամետրջրագիծ, իսկ օգտվող տնային տնտեսությունների թիվը շուրջ 5 484 է լինելու։