Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում կիրականացվեն տարբեր միջոցառումներ
09.08.2023
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն տարբեր միջոցառումներ:
Մինչ միջոցառումների ցանկը կազմելը և հաստատելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Մեծամորի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացրել էր առցանց հարցում: Հարցման նպատակն էր կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար: Դա հնարավորություն էր՝ հանդես գալու սեփական գաղափարներով, ինչպես նաև մասնակցելու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին կամ անձամբ կազմակերպելու որևէ միջոցառում։
Միջոցառումների ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով հարցման արդյունքները:
Այսպիսով, մասնավորապես 2023 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում օգոստոսի 12-ին նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ վարպետության դասեր, սպորտային-ժամանցային մրցույթ, երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ, քաղաքականության վերաբերյալ իրազեկման արշավ, ինտերակտիվ խաղ, այց թանգարան, տիկնիկային ներկայացում: Օրը կամփոփվի համերգային կատարումներով: Նախաձեռնությունն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծամորի երիտասարդական խորհրդարան ՀԿ-ն, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն, «The body shop»-ը, «Մունետիկ» մանկապատանեկան մշակութային ՀԿ-ն և Մեծամորի համայնքապետարանը։
ՀՀ ամբողջ տարածքում միջոցառումները կազմակերպվել են նախարարությունների, համայնքապետարանների, Երևանի քաղաքապետարանի, երիտասարդական կազմակերպությունների կողմից: