Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գայ բնակավայրը նշում է Խաթունարխի ուխտը

13.08.2023

Ամեն տարի՝ օգոստոսի 12-ին, Արմավիրի մարզի Գայ բնակավայրում մեծ շուքով նշվում է Խաթունարխի (Գայ գյուղը նախկինում անվանվել է Խաթունարխ) ուխտը։

Այս տարի ոչ միայն գյուղի բնակիչները, այլև Արաքս համայնքի բնակիչները մեկտեղվել էին Գայ գյուղում՝ միասնաբար ուղղելու իրենց ուխտն Աստծուն՝ հանուն Հայաստան աշխարհի խաղաղության և բարեկեցության։

Տոնակատարությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, մարզային և համայնքային ներկայացուցիչներ և այլոք։

Տոնական օրը սկսվեց Արցախյան պատերազմներում նահատակված հերոս տղաների հուշաքարերի մոտ ծաղիկներ խոնարհելով, որից հետո մեկնարկեց միջոցառման պաշտոնական մասը։

Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա կապակցությամբ, իր խոսքում նշեց․ «Այսօր նախ և առաջ ոգեկոչման և միասնության օր է։ Բազում հերոսներ ծնած համայնքն այսօր իր շուրջն է համախմբել իր բնակիչներին, քանի որ հարուստ ավանդույթներով բնակավայրն ունի ասելիք և օրինակ է ազգայինը պահելու և ներկայացնելու իր յուրահատկությամբ։ Եվ պատահական չէր, որ այս միջոցառումը սկսեցինք մեր հերոս տղաների հիշատակը հավերժացնող հուշասյան մոտ հարգանքի տուրք մատուցելով․

Մենք մեր ամեն խաղաղ օրվա, մեր պետականության պահպանման համար պարտական ենք նրանց, ուստի ևս մեկ անգամ խոնարհվում եմ մեր անմահ հերոսների և հերոսածին մայրերի առջև։

Առիթից օգվելով նաև ուզում եմ շնորհավորել երիտասարության միջազգային օրը և մեր երիտասարդներին մաղթել ստեղծագործ և խաղաղ կյանք։
Սիրելի՛ երիտասարդներ, Հայաստանի Հանրապետության հզոր ապագան ձեր ձեռքերում է․ սովորե՛ք, արարե՛ք և հզորացրե՛ք մեր հայրնիքը»։

Միջոցառման պաշտոնական հատվածից հետո մարզպետը Ղազար Ղազարյանի ուղեկցությամբ շրջեց գյուղում, զրուցեց բնակիչների հետ, որից հետո այցելեց Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայր Տեր Գևորգ քահանան օրհնության կարգ անցկացրեց՝ օրհնելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին։

Նշենք, որ միջոցառման գեղարվեստական մասն ապահովել էին համայնքի տաղանդաշատ երիտասարդները, ովքեր ներկայացրեցին տարբեր պարային ու երաժշտական կատարումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21